«Չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից». Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացմանը։
«Դեռևս տարիներ առաջ, այս նախաձեռնության հեղինակը մենք ենք եղել կառավարությունում, բայց այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում ունեն որպես վերջնական արտադրանք ստանալու հնարավորություն։ Սրան զուգահեռ՝ պետք է աջակցություն ցուցաբերվեր տեղական արտադրողներին, որպեսզի կարողանային համարժեք և առավել առաջանցիկ տեմպերով առնվազն նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպել։ Այն, ինչ իրականացրել է այս կառավարությունը, մասնակի է, թերի է, որովհետև միայն ֆորմալ սահմանափակմամբ հնարավոր չէ արդյունքի հասնել։ Հետևաբար՝ եթե փաթեթն ամբողջական դառնար, ապա այն օգտակար կարող էր լինել։ Բայց այս իշխանությունը գործը մինչև վերջ չտանելու քաղաքականություն է որդեգրում»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեռևս օգոստոսի 2-ին, իրենք ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էին իրենց երկու գործընկերներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։
«Դեռևս այն ժամանակ մենք ասել էինք, որ այն, ինչ կատարվում է ԱԺ-ում առանց մեր երկու գործընկերների մասնակցության, ապօրինի է և ոչ միայն չի համապատասխանում սահմանադրական կարգավորումներին, այլև ժողովրդավարության հիմնական արժեքներին։ Դրանից հետո նաև ՍԴ դիմում էինք ներկայացրել, որպեսզի ՍԴ-ն քննության առնի։ Դեկտեմբերի 7-ին ստացանք Սահմանադրական դատարանի որոշումը, որով արձանագրվեց, որ մեր 3 գործընկերները, Արմեն Չարչյանը՝ ներառյալ, օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրերում, հետևաբար՝ չէին կարող զրկված լինել պատգամավորի իրենց գործառույթներն իրականացնելու հնարավորությունից։
Փաստացի այս ընթացքը ցույց տվեց, որ մենք գործ ունենք ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են պարունակում մեր արտաքին քաղաքականության համար։ Կատարում է հայտարարություններ, գերիների, անհետ կորածների, բռնի անհետացած անձաց վերաբերյալ, որոնց հայրենիք վերադարձնելը նախևառաջ իրենց պարտականությունն է։ Նաև չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում