Անթույլատրելի դեպքեր, որոնք ՊՆ-ում չեն ուզում տեսնել

Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար դառնալուց հետո պաշտպանական գերատեսչությունը նորից ներքաղաքական խաղերի մեջ է օգտագործվում, ինչպես Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, որը բանակը քաղաքականացնելու «լեգիտիմ» պարտավորությունն էր ստանձնել, այսինքն՝ փորձում էր լեգիտիմացնել բանակի քաղաքականացումը:

Դեկտեմբերի 9-ին, ըստ ՊՆ-ի, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող հրազենային թեթև վիրավորում է ստացել:

Երեկ Վարդենիսում վիճակը լարված էր նաև այլ առիթով. քաղաքացիները փակել էին փողոցներ՝ ի նշան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում իրենց ազատ կամարտահայտման վրա իշխանությունների կողմից բռնանալու փորձի:

Իշխանությունները, չհաշտվելով Վարդենիսում պարտության հետ, վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Հենց այդ նպատակով «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով՝ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Հարությունյանը Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարը պիտի դառնար:

Եվ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածում, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»:

Վարդենիսցիներն արդեն արձագանքել են ՊՆ այս հաղորդագրությանը՝ նշելով, որ պաշտպանական գերատեսչությունը ստում է, նման բան չի եղել:

«Նման դեպք տեղի չի ունեցել։ Երբևիցե մեր կողմից նման վերաբերմունք մեր զինվորների, մեր բանակի նկատմամբ չի եղել։ Չնայած նրան, որ անժամկետ ակցիա էր հայտարարվել, որոշում կայացվեց՝ բացել ճանապարհը, որպեսզի որևէ կերպ չխոչընդոտենք գործընթացի, որևէ խնդրի կատարման։ Ակցիային մասնակցող բազմաթիվ մարդիկ 44-օրյա պատերազմին են մասնակցել և իրենց մաշկի վրա զգացել են պատերազմի ողջ դժվարությունը, այդ մարդիկ ինչպե՞ս կարող են վիրավոր զինծառայող տեղափոխողին խոչընդոտել։ Անգամ շտապ օգնության մեքենա է եկել, ասել են՝ ավտովթար է տեղի ունեցել, և բնակիչներն արագ բացել են ճանապարհը, որ անցնի։ Իրենց անվտանգությունը վերահսկողին ինչպե՞ս կարող են խոչընդոտել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Բնականաբար, կողմերից յուրաանչյուրն իր ճշմարտացիությունն ունի, մյուս կողմից, սակայն, հնարավոր չէ չնկատել ՊՆ հաղորդագրության, մեղմ ասած, հարցեր առաջացնող և քաղաքական տարրեր պարունակող ձևակերպումները:

Ի՞նչ է նշանակում՝ հայտարարել են, որ խոչընդոտելու են մեքենայի ընթացքը, և ՊՆ-ն ի գիտություն է ընդունել և վախեցել է անցնել այդ ճանապարհով: Այսինքն, երկրի անվտանգային խնդիրները վստահվել է մի գերատեսչության, մի նախարարի, որը վախենում է սովորական քաղաքացու զգուշացումի՞ց, և այնքան կշիռ չունի, որ գնա և հրամայի բացել ճանապարհն ու անցնի՞: Այս դեպքում, բացարձակ զարմանալի չէ, որ հնազանդորեն կատարում են ադրբեջանական կողմի պահանջները:

Երկրորդ՝ առաջին հայացքից անմեղ թվացող այս հայտարարությունն իր մեջ վտանգավոր տարրեր է պարունակում, այն է թե՝ հայ հասարակությունը չի հարգում իր զինվորին:

Եթե նման դեպք եղել է, ապա իսկապես այն մտահոգիչ է: Սակայն հիշեցնենք, որ նման ոչ բարոյական դեպքեր եղել են, և Փաշինյանի իշխանության օրոք նույն ՊՆ-ն լռել է: Մի իշխանության, որը փակել է ճանապարհները, հիվանդանոց շտապող ավտոմեքենաների ճանապարհները:

Եվ, ի վերջո, հեղափոխության օրերին՝ 2018թ․ ապրիլի 20-ին, հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի աջակիցները  Երևանի Կոմիտասի պողոտայում տևական ժամանակ փակել էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենայի ճանապարհը, հարձակվել էին մեքենայի վրա, պառկել անիվների տակ․․․

Այդ ժամանակ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով․ «ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։ Ըստ այդմ՝ բացարձակ անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից։

Նշված դեպքում, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։ Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։

Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։ Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»։

Անթույլատրելի է նաև, երբ արցախյան վերջին պատերազմի օրերին Տավուշի մարզում պայմանագրայինների հարազատները փակում են նրանց ճանապարհը, որպեսզի չմեկնեն Արցախ պատերազմի, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում:

Անթույլատրելի է, երբ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միանում են ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Եվ դարձյալ ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

Անթույլատրելի է, երբ ապաշնորհ իշխանության պատճառով թշնամին մեր ռազմավարական ճանապարհներին է տիրանում, որի պատճառով ստիպված ենք այլ ճանապարհներից օգտվել, որը դժվարացնում է բնակչությանը և զորքին մատակարարումները, երբ զորքը նույն պատճառով հերթափոխը հետաձգում է:

Անթույլատրելի է, երբ ապաշնորհ իշխանության պատճառով զինվորդ հայտնվում է երկու կողմից աքցանի մեջ, երբ թուրք լրագրողը նկարում է քո զինվորին՝ խախտելով նրա իրավունքը, իսկ քաղաքական և ռազմական ղեկավարությունը լռում է:

Անթույլատրելի է, երբ իշխանամերձ կայքերից մեկը գրում է, որ «Իշխանասարի դիրքերի համար ծավալված թեժ մարտերի ժամանակ, երեկոյան 6-ին՝ աշխատանքային ժամը լրանալուց հետո, նախարարության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ տուն են գնացել՝ լքելով ՊՆ շենքը», իսկ ՊՆ-ում և ԳՇ-ում լռում են: Եվ եթե անգամ այդ լուրը իրականությանը համապատասխանում է, ապա շատերը մինչև առավոտ աշխատել են․․․

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է գնահատում Սուրեն Պապիկյանն իր աշխատանքը՝ ՏԻՄ ընտրություններով զբաղվելը մտնո՞ւմ է ՊՆ աշխատանքի մեջ:

Եվ վերջապես անթույլատրելի է բանակի, ուժային կառույցների վարկանիշին այսքան հարվածելը, երբ թշնամին արդեն Հայաստանի դարպասների մոտ կանգնած է: Եվ բնավ կարևոր չէ, որ պատերազմի ժամանակ և «խաղաղության դարաշրջանում» զոհվողը և թշնամու դեմ կանգնողը դուք չեք:

Ի վերջո՝ ըստ քաղաքական նպատակահարմարության խոսելն ու լռելը, մեղմ ասած, բարոյական չէ, եթե անգամ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է:

Տեսանյութեր

Լրահոս