Ասֆալտի համար միլիարդներ կան, իսկ ռազմարդյունաբերության համար փողը հայթայթում են՝ վերաբաշխումներով
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 միլիոն 224 հազար դրամ հատկացման համար դիմել է Կառավարությանը։
Նախարարության հիմնավորմամբ՝ գումարի հատկացումն անհրաժեշտ է Ռազմարդյունաբերության կոմիտեի կանոնադրական խնդիրները պատշաճ և ժամանակին իրականացնելու համար։
Նշենք, որ Կառավարության նիստում չզեկուցված նախագծի 2-րդ և 3-րդ կետերը գաղտնի են։
Ուշագրավ է, որ ռազմարդյունաբերության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով գումարը հայթայթել են միջծրագրային վերաբաշխումների հաշվին. ասել է թե՝ 2021 թվականի բյուջեով ԲՏԱ նախարարությանը հատկացված որոշ ծրագրեր չեն կատարվել, կամ կատարվել են նվազ ֆինանսավորմամբ, որպեսզի տնտեսվի գումար, որից էլ 10 միլիոն 224 հազար դրամն ուղղել են ռազմարդյունաբերության առաջնահերթություններին։
Ստացվում է՝ պետական բյուջեն ու պահուստային ֆոնդը կա՛մ դատարկ են այն աստիճան, որ պատերազմից հետո Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությանը ուղղված միջոցները ստիպված են հայթայթել տնտեսումների հաշվին, կա՛մ դրանք ստորադասվում են բազմամիլիոն դոլարների հասնող մեկ անձից գնումներին ու ասֆալտապատվող ճանապարհներին: Հավանաբար այն սկզբունքով, որ ասֆալտապատումն ավելի շուտ և շատ է աչքի զարնում, քան ռազմարդյունաբերության զարգացումը:
Հիշեցնենք, որ ասֆալտապատումների համար գումար հայթայթվում է ոչ թե միջծրագրային տնտեսումների հաշվին, այլ հատկացվում է կա՛մ պետական բյուջեից, կա՛մ Կառավարության պահուստային ֆոնդից։
Հասկանալու համար, թե այս իշխանության համար առաջնահերթությունների որ շարքում է ասֆալտապատումը, որ շարքում՝ ռազմարդյունաբերությունը, բավարար է հիշել, որ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կնոջը պատկանող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ առանց մրցույթի այս տարի կնքվել է 843 հազար դոլարի պայմանագիր: Եվ այդ գումարը ոչ թե ասֆալտապատող, այլ արված ասֆալտի որակը ստուգող մեկ ընկերության հետ կնքված գործարքի գինն է, իսկ բուն ասֆալտապատման համար հատկացվող գումարները հասնում են միլիարդների։
Նկատենք նաև, որ թեև Փաշինյանի իշխանությունը պատերազմի պարտությունից հետո հայտարարում է բանակը վերազինելու և արդիականացնելու մասին, սակայն այդ գործի համար պատասխանատու կառույցներից մեկը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն, մեկ տարուց ավելի է՝ նախագահ չունի։
2020 թվականի նոյեմբերի 16-ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատվել էր այդ պաշտոնից։