Միկրոավոտբուսներում կանգնած ուղևորներ չի թույլատրվում, մինչև նստելը ուղևորները չեն օգտվում ախտահանիչ հեղուկներից. Ի՞նչ խախտումներ են արձանագրվել հանրային տրանսպորտում
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը նոյեմբերի 30-ի նիստի ժամանակ խոսեց հանրային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դժգոհության մասին:
«Խոսքն առավոտյան ժամերի մասին է: Լավ կլինի, որ տրանսպորտն ավելի հաճախ մոտենա, քան կես ժամը մեկ կամ 40 րոպեն մեկ: Կիրակի օրը 33 համարի ավտոբուսին սպասել եմ ուղիղ 40 րոպե: Վարչության պետի հետ խոսել եմ. ինչ-որ պատճառաբանություն՝ խցանում է, և այլն: Երեկոյան ժամերին՝ էլի նույնը: Սրան գումարվում է նաև այն, որ ոչ բոլորն են սպասարկում գոնե մինչև ժամը 22:00-ն»,- ասաց նա:
Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց ասվածին.
«Եթե սպասում ենք, որ 211 ավտոբուսներ մուտք են գործելու երթուղային ցանց, և խնդիրները լուծվելու են, դա այդպես չէ: Խնդրում եմ, մեր քաղաքացիներն այդ ակնկալիքները չունենան: Նշված խնդիրները բարելավելու համար հարկավոր են վերահսկողության մեթոդներ, այդ ուղղությամբ աշխատում ենք և կարծում ենք, որ 2022թ.կունենանք միասնական կառավարման կենտրոնը, որի միջոցով հնարավոր կլինի մեր ենթակայության ներքո գտնվող կազմակերպության տրանսպորտային միջոցների աշխատանքը վերահսկել, ինչպես նաև մասնավորինը»:
Փոխքաղաքապետը հաստատեց, որ խնդիր իսկապես կա, քանի որ շատ տեղերում կանոնակարգված չէ երթևեկությունը, կամ կանոնակարգված է՝ խցանումներ կան:
Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբչյանից փորձեցինք պարզել՝ իրականում ո՞րն է գերբեռնվածության պատճառը՝ տրանսպորտային միջոցի սակավությո՞ւնը, թե՞ խցանումները, նա պարզաբանեց.
«Գերբեռնվածության խնդիրն այսպես է. ամեն մի կանոնավոր երթուղի իր չվացուցակն ունի, որտեղ առկա է տրանսպորտային միջոցների թվաքանակը և ժամային գրաֆիկը: Աշխատանքային օրերին իրենց չվացուցակներն այլ են, ոչ աշխատանքային օրերին՝ այլ: Հանգստյան օրերին ժամային գրաֆիկի միջակայքն ավելի լայն է:
Գերբեռնվածությունը հիմնականում առավոտյան և երեկոյան է լինում: Բնականաբար, այդ հարաբերությունը գտնվում է տնտեսվարող սուբյեկտի և լիազոր մարմնի փոխհարաբերությունների շրջանակներում: Այսինքն, այս պարագայում տեսչական մարմինը գործառույթ չունի անելու, այն ուղղակի իրականացնում է վերահսկողական գործառույթներ՝ կոնկրետ ժամային գրաֆիկի խախտման հետ կապված, և եթե խախտում կա՝ արձանագրությունը կազմվում է կազմակերպության տնօրենի նկատմամբ: Այս քանի օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 17 երթուղի է շահագործվելու, այսինքն՝ խնդիրը մի քիչ լուծվելու է: Բացի դա՝ պայմանագրեր են կնքված նաև 12 ավտոբուսների հետ կապված: Ամբողջ երթուղային ցանցը կազմավորելու համար 800-900 տրանսպորտային միջոց է պետք: Գերբեռնվածության խնդիրն աստիճանաբար վերանալու է, սա ժամանակավոր է»:
Նրա փոխանցմամբ՝ հիմնականում խնդիրները «Գազել»-ների հետ են. դրանք 15 տարուց ավելի չպետք է աշխատեն: Տնտեսվարող սուբյեկտը պետք է դիմում գրի լիազոր մարմնին, որպեսզի այդ մեքենաները հանեն:
«Հիմա, եթե այդ մեքենաները հանում են, արդեն մասնավոր կազմակերպությունները ներդրում չեն անում, որպեսզի նոր մեքենաներ բերեն, բազան թարմացնեն, որովհետև մրցույթներ չկան, մեկ օպպերատորի գաղափարն է, քաղաքապետարանն է մեքենաները բերում»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետը հայտնեց, որ կոնկրետ միկրոավտոբուսներում կանգնած ուղևորներ չի թույլատրվում:
«Հենց միկրոավտոբուսում կանգնած ուղևոր տեսնում ենք, իջեցնում ենք և կազմակերպության նկատմամբ արձանագրություն ենք կազմում: Իսկ այս նոր բերված միկրոավտոբուսներում 4-5 ուղևոր իրավունք ունի կանգնած երթևեկել: Բայց կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ստիպված ենք խիստ միջոցառումներ ձեռնարկել»,- մանրամասնեց նա:
Արթուր Արաբչյանի փոխանցմամբ՝ հիմնական խախտումները, որոնք արձանագրվում են, դիմակ չկրելն է, երկրորդը՝ գերբեռնվածությունը:
«Հասել ենք այն արդյունքին, որ հազվագյուտ մեքենաներ կգտնեք, որտեղ բացակայում են ախտահանիչ հեղուկները, ուղղակի խնդիրն այն է, որ ուղևորները չեն օգտվում: Բացատրում ենք, որ մինչև նստելը ձեռքերն ախտահանեն, դա ձևական բնույթ չի կրում: Իսկ մինչև վերջերս բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել, որ ախտահանիչ հեղուկի փոխարեն՝ օճառաջուր, սովորական ջուր է եղել: Հիմա 99 տոկոսով դա բացառում ենք: Երկաթուղային տրանսպորտում ևս մշտադիտարկում են իրականացնում: Համեմատության կարգով ասեմ. քանի որ մետրոպոլիտենն ունի ոստիկանության համապատասխան առանձնացված ստորաբաժանում, ղեկավար կազմի հետ պարբերաբար համաժողովներ ենք իրականացնում, ծրագրեր մշակում՝ հսկողությունը խստացնելու հետ կապված:
Ամենաքիչ խախտումները մետրոյում են: Ավտոբուսների և միկրոավտոբուսների դեպքում էլ արդյունքները վատը չեն, եթե համեմատենք նախորդ 3 ամիսների հետ: Մարդիկ հասկացել են, որ երթուղայինը փակ տարածք է, դիմակ պետք է կրել: Օգոստոսի 18-ից ենք իրականացնում այս միջոցառումները: 9153 մշտադիտարկում է արվել, 1252 արձանագրություն է կազմվել: Գերակշիռ մասը կապված է դիմակներ չկրելու հետ: Ներառված են նաև տաքսիները»,- եզրափակեց Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետը: