Բաժիններ՝

Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին տեսաուղերձում կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում վերջին անգամ դիմել է քաղաքացիներին տեսաուղերձով՝ կոչ անելով պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մերկելը նշել է, որ առաջին տեսաուղերձը ժողովրդին եղել է ավելի քան 15 տարի առաջ՝ 2006 թվականի հունիսին՝ Գերմանիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ: Այն ժամանակ կանցլերը մաղթել էր մեծ սպորտային տոն երկրին ու քաղաքացիներին: Հետագա տարիներին տեսաուղերձները նվիրված են եղել տարբեր թեմաների՝ անվտանգությունից, մշակույթից, թվայնացումից մինչև էներգետիկ բարեփոխումներ, գյուղատնտեսական հարցեր և այլն:

«Ինձ համար պոդկաստն առանձնահատուկ նշանակություն ունի համավարակի շրջանում, որը շարունակվում է արդեն գրեթե երկու տարի: Այս չորրորդ ալիքի գագաթնակետին մենք բարդ իրավիճակում ենք, երկրի որոշ շրջաններում անգամ իրավիճակը կարելի է դրամատիկ անվանել: Մենք արդյունավետ ու հուսալի պատվաստանյութի տեսքով ունենք համավարակի հաղթահարման բանալին: Հետևողականորեն խնդրում եմ ձեզ լրջորեն մոտենալ այս վիրուսին: Նոր տեսակը՝ օմիկրոնը, ակնհայտ կերպով ավելի վարակիչ է, քան նախորդ շտամները: Պատվաստվեք»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ ցանկացած պատվաստում պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից:

Մերկելը կանցլերի պաշտոնում կմնա մինչև դեկտեմբերի 8-ը: Այդ օրը Բունդեսթագում քվեարկության միջոցով կանցլերի պաշտոնին կնշանակվի Օլաֆ Շոլցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս