
Թբիլիսյան խճուղում թիվ 258 երթուղին սպասարկող «GAZel»-ը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեում գտնվող «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ Ռ․ Օ․, ծնված 1961 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ Զ․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, երթուղայինի ուղևոր Ա․ Կ․-ին (ծնված 1958 թ․) դուրս բերել արգելափակումից և ուղևոր Գ․ Խ․-ի (ծնված 1976 թ․) հետ միասին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են «Իզմիրլյան» ԲԿ։