Աշոտ Մինասյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Այսպիսով, Աշոտ Մինասյանը կկալանավորվի:
Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
Այս գործով ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապա ազատ արձակվել։