«Սա հերթական ադրբեջանական կուտն է, որը փորձում են մեր հասարակությանը մատուցել». Գառնիկ Դավթյան

Նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ Ալիևը թվիթերում գրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ, և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ եթե անգամ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպում տեղի ունենա, ապա դատելով Ալիևի հայտարարությունից՝ նա բանակցություններում իր կարմիր գիծն է գծում և հետքայլ չի անի:

«Թե այդ միջանցքը երբ կտրամադրվի և որտեղով կանցնի, դա արդեն բանակցային փուլից է կախված»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով Հայաստանի քարոզչական դաշտը չի աշխատում:

«Ինձ համար հասկանալի չեն հայկական կողմի կարմիր գծերը, որովհետև վերջին շրջանում ՀՀ սուվերեն տարածքից տարբեր բնակավայրեր, լեռներ, բլուրներ հանձնվել են թշնամուն՝ բանավոր պայմանավորվածությամբ, կասկածելի ձևակերպումներով, թե պատերազմ կսկսվի, եթե չզիջենք»,- նշեց նա:

Գառնիկ Դավթյանը կեղծ օրակարգ է համարում իշխանությունների այն հայտարարությունը, թե խաղաղության դարաշրջանի հասնելու համար պետք է նախ դեմարկացիա և դելիմիտացիա կատարել. «Ես կարծում եմ, որ դա ամփոփող քայլ պետք է լինի, որովհետև սահման գծելով չեն որոշվում ժողովուրդների միջև հարաբերությունները, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ անկախությունից հետո վերջին 30 տարում Ադրբեջանի՝ հայերին սպանելու մոլուցքն այնքան բարձր ֆոն ունի, որ անգամ պատերազմից հետո դպրոցական դասագրքերում այնպիսի առարկաներ են ներառել, որոնք իրենց մեջ այդ ատելության կոմպոնենտն են պարունակում, այն էլ՝ դոզան բավականին բարձր: Դրա համար այս օրակարգը, թե գծենք սահմանները, միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչենք, այդպիսով սկիզբ դնենք խաղաղության, սա առաջին հերթին՝ Ադրբեջանի պահանջն է: Հետևաբար՝ սա հերթական ադրբեջանական քաղաքական կուտն է, որը փորձում են մեր հասարակությանը մատուցել իբրև հնարավոր խաղաղության դարաշրջանի սկիզբ: Չեմ հավատում, թե առաջիկա 50 տարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կլինի»:

Իր ասածը փորձագետը հիմնավորում է նրանով, որ մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց գլխատելն ու նրանց ծեծելով սպանելը վառ ապացույց են առ այն, որ Ադրբեջանը երբեք չի ձգտել հայերի գոնե մարդ տեսակն ընդունել. «Նրանց նպատակը հայերին նվաստացնելն ու սպանելն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս