Մոլդովան ևս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ է գնել միջազգային շուկայում
Մոլդովան հոկտեմբերի 28-ին եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ է գնել միջազգային շուկայում: Այդ մասին հաղորդել է Պետական սեփականության գործակալության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով անցկացված հայտամրցույթի արդյունքները: Հաղորդագրության համաձայն, հաղթող է հայտարարվել Ուկրաինայի «Նավթոգազ»-ի առաջարկությունը: Գնված գազը Մոլդովան կստանա հոկտեմբերի 29-ին՝ օրվա ընթացքում:
Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, Մոլդովան որոշել է օրական ոչ մեծ ծավալի գազ գնել միջազգային շուկայում, որպեսզի լրացնի գազի պակասը եւ գազատարում թույլ չտա ճնշման անկում մինչեւ կրիտիկական մակարդակ: Գնման նպատակով կառավարությունը Energocom պետական ընկերությանը հանձնարարել է հայտարարել ամենօրյա հայտամրցույթներ: Հոկտեմբերի 25-ին առաջին հայտամրցույթը շահել է լեհական PGNiG-ը, իսկ հոկտեմբերի 26-ին՝ հոլանդական Vitol-ը: Նրանք արդեն Մոլդովային մատակարարել են 1-ական միլիոն խորանարդ մետր գազ: Հոկտեմբերի 27-ին 1,5 միլիոն խորանարդ մետր գազի հայտամրցույթը շահել է երկու ընկերությունների՝ DXT Commodities միջազգային ընկերության եւ լեհական PGNiG-ի համատեղ առաջարկությունը:
Մոլդովան շարունակում է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները երկարաժամկետ պարտավորագիր կնքելու շուրջ: Ներկայիս պարտավորագրի համաձայն, որը կնքվել է հոկտեմբեր ամսվա համար, Մոլդովան գազն ստանում է 1000 խորանարդ մետրի դիմաց 790 դոլար գնով: Դրա հետ մեկտեղ պարտավորագիրը նախատեսում է հանրապետության կողմից անհրաժեշտ ծավալի միայն 67 տոկոսի ստացումը: Հոկտեմբերի 22-ին Մոլդովայի խորհրդարանը գազի ճգնաժամի կապակցությամբ հանրապետությունում հայտարարել է 30 օր ժամկետով՝ մինչեւ նոյեմբերի 20-ը, արտակարգ դրություն սահմանելու մասին: