
Չինաստանում երեք տարեկանից սկսած երեխաներին կպատվաստեն COVID-19-ի դեմ

Չինաստանի առնվազն հինգ նահանգում COVID-19-ի դեմ կսկսեն պատվաստել 3-ից 11 տարեկան երեխաներին: Այս մասին տեղեկացնում է «Interfax»-ը՝ հղում կատարելով «Associated Press»-ին: Այդ նահանգների, քաղաքների տեղական մարմինները սկսել են նախազգուշացնել բնակիչներին, որ շուտով պատվաստումը պարտադիր է դառնալու նշված տարիքային խմբի երեխաների համար:
Չինաստանում պաշտոնական տվյալներով պատվաստվել է բնակչության 76 տոկոսը: Ըստ Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների՝ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք: Ամռանը Չինաստանի կառավարությունը թույլատրել էր երեք տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների պատվաստումը «Sinopharm» և «Sinovac» պատվաստանյութերով, սակայն դեռ երկրում պատվաստել են 12 և ավելի բարձր տարիքի երեխաների: