Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը

Ամերիկայի Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն (ANCA-ER) իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։

«Ազատության պատվոնշանը» բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է ընդգծված խիզախությամբ ու հանուն ազատության և արդարության պայքարող անհատներին։ Մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Ամերիկայի Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախմբի 15-րդ ամենամյա հանդիսության ժամանակ։

Հիշեցնենք, որ վերջին տասը տարիներին «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» (ICLaw) նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի գործունեությունը հիմնականում ուղղվել է Ադրբեջանի ոտնձգություններից ՀՀ քաղաքացիների միջազգային իրավական պաշտպանությանը:

Իրավապաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում էր 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը, այժմ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչն է: Սիրանուշ Սահակյանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կմիանա «Ազատության պատվոնշանի» նշանավոր մրցանակակիրների երկար ցուցակին. մրցանակը նախկինում շնորհվել է նաև Դեսպան Ջոն Էվանսին, սենատոր Ռոբերտ Մենենդեսին, սենատոր Թեդ Քենեդիին, Կոնգրեսական Նիկի Ցոնգասին, Մորգենթաու ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին, հեղինակավոր պատմաբան Թաներ Աքչամին, Բարոնուհի Քարոլայն Քոքսին, անվանի բժիշկ, հասարակական գործիչ Էրիկ Էսրաիլյանին և այլոց:

Տեսանյութեր

Լրահոս