
Ծաղրանկարով քննադատվում է Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Մեհմեդ Մեթիները Twitter-ի իր էջում ծաղրանկար է հրապարակել՝ այս անգամ այդպես քննադատելով Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեթիները նկարը հրապարակել է «իմաստալից և նույնքան էլ ծիծաղելի ծաղրանկար» մեկնաբանությամբ։ Դրանում ծաղրանքի է ենթարկվում Թուրքիայում ավտոմեքենաների գների օրեցօր բարձրացումը, ինչը պայմանավորված է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի շարունակվող արժեզրկմամբ։
Ծաղրանկարում ձիերի և ավանակների պարանոցներից կախված է «տրվում է վարձով» գրությունը, իսկ նրանց առջևում նստած մարդն ասում է, որ «ամենաքիչը ձիերն ու ավանակներն են վառելիք ծախսում»։ Ձիերի դիմաց՝ հատակին, դրված է մի պարկ կեր և խոտ՝ «կեր՝ 250 լիրա» և «խոտ՝ 650 լիրա» գրություններով։