
Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:
Տեքստում ասվում է, որ քաղաքացիություն են ստանում և՛ Նատալիա Օրեյրոն, և՛ նրա որդին՝ Մերլինը:
Օրեյրոն, որը հաճախ է համերգային ծրագրերով հանդես գալիս Ռուսաստանում և շեշտում, որ չափազանց շատ է սիրում այդ երկիրը, ավելի վաղ նշել էր, որ չի ծրագրում ապրել Ռուսաստանում, սակայն ձգտում է անձնագիր ստանալ և այդպես իր երախտագիտությունն արտահայտել ռուսների սիրո համար: