
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:
«Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջև փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափով հանդիպումների ընթացքում»,- նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման և Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարևորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական և ֆինանսական օժանդակությունը: Հիշատակվել է նաև 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը:
Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակև ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձևաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը: