Ո՞ւր կորավ պատերազմի օրերի փայլուն հետախուզությունը. ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը հերքում ինքն իրեն

Ադրբեջանի նախագահն այցելել է Սանասարի (Կուբաթլու) շրջան: Այցի օրը պատահական չի ընտրված. մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 25-ին, Ալիևը հայտարարեց, որ գրավել են Սանասարը (Կուբաթլու):

Հոկտեմբերի 26-ին կայացած բրիֆինգի ընթացքում այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր Ալիևի հայտարարությունը:

«Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ»,- շեշտել էր նա:

Եվ չնայած Ադրբեջանը հասցրել էր արդեն մի շարք կարևոր բնակավայրեր և շրջաններ գրավել, վերը նշված բրիֆինգից մեկ օր հետո՝ հոկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում պնդել էր.

«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարն ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները»:

Նշենք, որ «Հետքի» ներկայացրած միայն Ավետարանոցի ձորակի գյուղերի գրավման ժամանակագրությունից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 26-ին հակառակորդը գրավել է Մադաթաշենը, հոկտեմբերի 26-27-ին` Մոշխմհատը, հոկտեմբերի 27-ին՝ Ակնաղբյուրն ու Ավետարանոցը, հոկտեմբերի 28-ին՝ Սղնախի հիմնական մասը, 29-ին՝ ամբողջությամբ։

Ըստ «Հետքի», պաշտոնական լրատվությունն Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հոկտեմբերի 25-27-ը չի ներկայացրել մարտական գործողությունների իրական ընթացքը և պարունակել է կեղծ տվյալներ։

Օրինակ՝ Ավետարանոցում, պաշտոնական լրատվությամբ, հոկտեմբերի 27-ին մարտեր են, բայց գյուղն արդեն գրավված էր։

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով ՊԲ հրամանատարի պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինեց Միքայել Արզումանյանը, ով այժմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականն է:

Ի դեպ, պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը պնդում էր, որ ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում է իրավիճակին, ըստ այդմ՝ հակառակորդի մտահղացումներին, մինչդեռ վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հովհաննիսյանը նշել էր, որ հետախուզություն չի եղել, որ ռադիոխաղի միջոցով մեզ խաբել են, թե թուրքերը Շուշիի շրջակայքում շրջափակման մեջ են և օգնություն են խնդրում իրենց հիմնական ուժերից, որովհետև հայերն իրենց կոտորում են։

Տեսանյութեր

Լրահոս