Բաժիններ՝

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Արքմենիկ Նիկողոսյանը

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հինգ գիրք է առանձնացրել երեխաների համար: Գրականագետի համոզմամբ գրքերի՝ այսօրվա անթիվ-անհամարության մեջ չափազանց դժվար է կոնկրետ գրքեր առանձնացնել, առավել ևս՝ հինգ գիրք, ու առավել ևս՝ հինգ գիրք երեխաների համար: Այնուամենայիվ, Արքմենիկ Նիկողոսյանը կազմել է մի պայմանական հնգյակ իր՝ այս պահի տրամադրվածությամբ ու հիշողությամբ:

«Վիշապաքարի գաղտնիքը» – Արտավազդ Եղիազարյան

«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ դպրոցականները որևէ գիրք ընթերցելիս այնտեղ ընդհանրացված ու պատկերված տեսնեն նաև իրենց առօրյան՝ ծանոթ դեմքեր ու դեպքեր, իրավիճակներ ու տեղանք: Իհարկե, զուգակցված հետաքրքիր պատմությունների ու արկածների հետ: Այդ առումով՝ ժամանակակից գրող Արտավազդ Եղիազարյանի այս ֆենթըզի վեպն ուղղակի իսկական նվեր է բոլոր դպրոցականներին»:

Կարդացեք նաև

«Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» – Գրիգ

«Ոչ պակաս կարևոր է, երբ դպրոցականներին ծանոթ երևույթներն ու իրավիճակները տեղայնացվում են, օրինակ՝ կատուների աշխարհում: Կարծում եմ՝ դա է նաև այն հաջողության գաղտնիքը, որ մուլտֆիլմերը այդքան պահանջված են նրանց շրջանում: Գրիգի այս վիպակը արկածներով հարուստ, կենդանի երկխոսություններով, ինչ-որ տեղ նաև՝ զվարճալի մի գիրք է, որ հաճույքով կընթերցեն երեխաները»:

«Փափլիկստան» – Նունե Թորոսյան

«Շատ հետաքրքիր արկածներով, խաղերով, ընտիր նկարազարդումներով, ինչ-որ տեղ նաև՝ ինտերակտիվ գիրք, որը կփոխի դպրոցականների պատկերացումը այսպես կոչված՝ մանկական գրքերի մասին: Իսկ գրքի ենթատեքստերի բացահայտումը յուրօրինակ փորձություն կարող է լինել երեխաների ծնողների համար»:

«Տասնհինգամյան նավապետը» – Ժյուլ Վեռն

«Հրաշալի, երբեք չհնացող վեպ, որ սովորեցնում է երազել ու չերկնչել կյանքի մարտահրավերներից: Վեպ, որի արկածային սյուժեն պարբերաբար կստիպի շունչը պահած թերթել գրքի էջերը»:

«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» – Նոդար Դումբաձե

«Բարի, բարի, բարի, շատ բարի գիրք, տպավորիչ հերոսներով, ու այնքան զվարճալի, որ անհնար է կարդալու ընթացքում գոնե մի 5 անգամ բարձրաձայն ու վարակիչ չծիծաղել»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս