
Արշակ Կարապետյանն ու ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:
Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը՝ միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:
Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը: