«Արման Թաթոյանին քաղցր օրեր չեն սպասվում. տգետ, դավաճան, ցինիկ մասսային նա չի կարող դուր գալ». Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ կազմակերպված արշավը պայմանավորված է նրանով, որ վերջին 3 տարվա ընթացքում ՄԻՊ-ը միակ կառույցն է, որը վարում է հայանպաստ քաղաքականություն, ազգային շահերն է պաշտպանում:

«Արման Թաթոյանի գործունեությունը չէր կարող կիսագրագետ, տգետ, հայրենադավ, դավաճան, ցինիկ մասսային դուր գալ: Դեռ միջնադարում կար այդպիսի բան, որ երբ ընդհանուր միջավայրից մեկը բարձրանում էր, նրա նկատմամբ սկսվում էր գորշ միջակության հալածանքը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գրականագետը հիշեցրեց 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության կողմից Արման Թաթոյանին նկատմամբ «հարձակումները».

«Այդպես կարող էին հարձակվել Ադրբեջանի միլի մեջլիսում կամ Թուրքիայի մեջլիսում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վրա, որովհետև նրանցից լավ, մեկ էլ՝ սրանց նման, որևէ մեկը չէր կարող ըմբռնել, թե Արման Թաթոյանն ինչ արժեքներ է փրկում: Արման Թաթոյանին քաղցր օրեր չեն սպասվում»:

Միևնույն ժամանակ, Սերժ Սրապիոնյանի գնահատմամբ՝ իշխանությունները մամուլը հեղեղում են շեղող նյութերով, իսկ իրենք անշեղորեն կատարում են իրենց «ստոր քայլերը հայ ժողովրդի հանդեպ»:

Նրա համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է վայր դնեն մանդատները, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ սա կործանարար Ազգային ժողով է, և իրենք չեն կարող մասնակցել իրենց երկրի կործանմանը, դուրս են գալիս՝ իբրև սովորական քաղաքացիներ՝ պաշտպանելու իրենց իրավունքները.

«Այդ դեպքում գոնե հիմա կառաջանա հնարավորություն սրանց ընդունած բոլոր որոշումները հետագայում չեղարկելու: Եթե ընդդիմադիր ուժերը մնան ԱԺ-ում, ինչքան էլ ուզում է հայհոյեն, կապիտուլյանտ ու դավաճան ասեն, որևէ արդյունք չի տալու դա, իրենց ոչ մի նախագիծ ճանապարհ չի գնալու: Այս մարդիկ բերելու են իրենց հարմար օրենքներն ու նախագծերն ընդունելու են, և մենք կունենանք երկրորդ նոյեմբերի 9-ը: Իսկ երկրորդ նոյեմբերի 9-ից հետո, եթե անգամ այս ընդդիմությունը դառնա բազմամիլիոնանոց, արդեն չի կարող շտկել այն, ինչը կկատարվի: Ժողովուրդը տվել է հստակ բանաձևը՝ եթե մի խելագար քարը նետում է փոսը, հարյուր խելոքով դժվար թե կարողանան հանել»:

Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ փողոցային պայքարը տարերային չի լինում, ինչպես գործող իշխանությունները տարերային չարեցին. «Գյումրիից ոտքով էդ չալո-մալոների հետ քայլելը պատահական չէր, որովհետև ամեն ինչ հաշվարկած էր. Սկսած հեռախոսահամարներ բաժանելուց, կազմակերպված գործունեություն ծավալելուց, սրա-նրա դռան դիմաց դագաղներ դնելուց, մարդկանց վարկաբեկելուց, հերոսականությունը գաղափարազրկելուց, ամեն ինչից: Իրենցից լավ որևէ մեկը չի գիտակցում, որ եթե հանկարծ սկսեց գործել այն ճանապարհը, որով իրենք եկան իշխանության գլուխ, չի լինելու այն համբերությունը, որը նախկին իշխանությունները իրենց նկատմամբ դրսևորեցին: Այս ժողովուրդը դուրս կգա հսկողությունից, իսկ հսկողությունից դուրս եկած ժողովուրդը տարերային աղետ է: Ընդդիմությունը փողոցային պայքար սկսելուց առաջ պետք է շատ լավ հաշվի առնի ուժերի հարաբերակցությունը: Նախ պետք է նախապատրաստի այդ ժողովրդին, փաստարկված հասկացնի, որ՝ դու չունես այն ժամանակը, որ համբերես՝ տեսնեն՝ ինչ է լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս