«Այսօր խախտված է մեր ապրելու իրավունքը». Քաշաթաղցի

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսիսյանն այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած հանրային քննարկման ընթացքում անդրադարձավ տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրներին և շեշտեց, որ իրենց համար սկզբունքային հարցերից է իրենց կարգավիճակի հարցը։

«Մենք այսօր պետք է ունենանք կարգավիճակ, սա միանշանակ է։ Ինչ վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ իրականացվող սոցիալական ծրագրերին, ապա դրանք խայտառակ ձևով են կատարվել, մենք ականատես ենք եղել և մեր տեղահանվածներից լսել ենք, որ մարդիկ, որոնք երկար տարիներ չեն ապրել Քաշաթաղում, շատ սոցիալական ծրագրերից են օգտվել, իսկ այն մարդիկ, որոնք մինչև վերջ ապրել են շրջանում, մինչև օրս չեն կարողանում դառնալ այդ ծրագրերի շահառուն։ Երբ դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի այս կամ այն խնդրին լուծում տան, բացարձակ արձագանք չկա, քար լռություն։ Այդ ամենի արդյունքում էլ մենք չգիտենք, թե մարդիկ ինչ պատճառով այդ գումարները չեն ստացել»,- նշեց Կարինե Մովսիսյանը։

Նա տեղեկացրեց, որ հ/կ-ն այսօր  բազմաթիվ դիմումներ է ստացել այն մարդկանցից, որոնք չեն օգտվել այդ ծրագրերից։

«Այսօր խախտված են բոլոր տեղահանվածների իրավունքները, և ամենացավալին այն է, որ այսօր խախտված է մեր ապրելու իրավունքը։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, առանց որևէ պետական ծրագրի առաջ գնալ և այդ իրավիճակից դուրս գալ հնարավոր չէ։ »

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս