Իսկ ովքե՞ր են ուսուցիչներին ատեստավորողները. Գլխավոր դատախազը` ԿԳՄՍ նախարարին
Կառավարության այսօրվա նիստը շատերը, թերևս, հիշեն իրավապահ համակարգի ղեկավարների՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման հարցում ցուցաբերած բարձր հետաքրքրվածությամբ: Նիկոլ Փաշինյանի, ապա Վահրամ Դումանյանի ելույթներից հետո մեկը մյուսի ետևից տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսեցին թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնել:
Բացառություն չէր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով մինչև հարցը հնչեցնելը չմոռացավ երկրորդել Փաշինյանին՝ գործընթացը «իսկապես շրջադարձային» որակելով:
«Մասնագիտական ռիսկերի տեսակետից մի հարց է ինձ հետաքրքրում: Այդ գործընթացի մեխանիզմները մշակվա՞ծ են այն չափով, որ այդ ատեստավորման օբյեկտիվությունը… ի՞նչ աստիճան ունենք մենք դրա նկատմամբ ռիսկայնության, առավել ևս, որ մի փուլ անցել է արդեն, դրանով պայմանավորված դժգոհություններ, բողոքարկումներ կա՞ն, չկա՞ն, որքա՞ն է մարդկային գործոնը, իսկ ովքե՞ր են ատեստավորողները»,- հետաքրքրվեց Արթուր Դավթյանը:
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց.
«Ովքեր չեն ատեստավորողները, ատեստավորման հստակ համակարգ կա, թեստային հարցաշար, սուբյեկտիվ գործոնը հասցված է մինիմումի: Բողոքարկումներ, այո՛, կան բողոքարկումներ: Կարող եմ ասել՝ մասնակիցների 5%-ի չափով կան բողոքարկումներ: Հիմնականում բողոքարկվում են ժամանակի սղության հետ կապված, որ տրամադրված ժամանակը բավարար չէր այդքան քանակի հարցերին պատասխանել, բողոքարկվում են հարցաշարի որոշ դեպքերում նաև բարդության հետ, բայց դրանք անհատներ են բողոքարկում՝ մեկի համար բարդ է, մյուսի համար բարդ չի, որովհետև մենք ունենք տարբեր օրինակներ: Մոտավորապես այս տիպի բաներ»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ հավելելով, թե բողոքարկումներից կանեն համապատասխան եզրակացություններ:
Նախարարը նաև կարծիք հայտնեց, թե հարցերի քանակը փոքր-ինչ շատ է եղել, հաջորդ տարի կվերանայեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում