«Բոլոր ուղևորները պետք է դիմակ կրեն, ու այդ դրույթը խախտելու դեպքում պատասխանատվություն է կրում տրանսպորտային ծառայություն իրականացնող կազմակերպությունը»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Նրանք լրատվամիջոցին հայտնել են, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են» ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաև այն դեպքում, եթե ուղևորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին է:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով․ «Հերթական ապատեղեկատվությունն են տարածում։ Քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող տրանսպորտային կազմակերպություններից որևէ մեկում նման հրահանգ, պարտադրանք և պրակտիկա չկա, որպեսզի վարորդներին ինչ-որ թուղթ ստորագրել տան, որ իրենք են պարտավորություն կրում։ Գոյություն ունի Առողջապահության նախարարի հրաման, որի դրույթներից մեկի էությունն այն է, որ հանրային տրանսպորտում բոլոր ուղևորները պետք է դիմակ կրեն, ու այդ դրույթը խախտելու դեպքում պատասխանատվություն է կրում տրանսպորտային ծառայություն իրականացնող կազմակերպությունը»։
Հարցին՝ տրանսպորտում չափից շատ են մարդիկ, իրար շատ մոտ են, Քաղաքապետարանը որևէ լիազորություն ունի՞ վերահսկելու, Հ․ Կարապետյանը պատասխանեց․
«Քաղաքապետարանը որոշակի վերահսկողական գործառույթներ ունի, ինչպես նաև տեսչական մարմինները, ոստիկանությունը։ Փորձում են պահել այդ ամենը»։
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսի գործել Երևան բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։
Հիշեցնենք, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը, որը ներառում է 53 ավտոբուս, կսպասարկի շուրջ 17 երթուղի, կաշխատեն քաղաքի ամենատարբեր հատվածներում
Իսկ մյուս խմբաքանակներն առաջիկա օրերին և շաբաթներին կբերվեն: Դրանք Փոթիի նավահանգստում են:
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ հոկտեմբերի 19-ի վաղ առավոտից Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում մշտադիտարկել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններով երթևեկող հանրային տրանսպորտի աշխատանքը։
Մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։
Անի Կարապետյան