
Մեկ ավտոբուսը 40-50 մեքենայի է փոխարինելու. փորձագետը՝ Երևան բերված նոր ավտոբուսների վերաբերյալ

Չինաստանից Երևան է հասել 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են:
«Առաջին խմբաքանակը, որը ներառում է 53 ավտոբուս, արդեն Երևանում է, իսկ մյուս խմբաքանակներն առաջիկա օրերին և շաբաթներին կբերվեն: Դրանք Փոթիի նավահանգստում են: Կսպասարկվի շուրջ 17 երթուղի, կաշխատեն քաղաքի ամենատարբեր հատվածներում»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը կարծում է, որ եթե նորմալ քաղաքային տրանսպորտ ունենանք, գուցե հնարավոր լինի լուծել տաքսիների հետ կապված խնդիրը, գներ նվազեն և այլն:
«Ժամանակին Երևանում «Իկարուս» մակնիշի ավտոբուսներ էին աշխատում, դեռ մի բան էլ վագոն էին ավելացրել, ու շատ լավ աշխատում էր: Մեկ ավտոբուսը 40-50 մեքենայի է փոխարինելու: Փոքր ավտոբուսները մայրաքաղաքին հարմար չեն: Սա որպես տրանսպորտի ոլորտի փորձագետ եմ ասում»,- նշեց Վահագն Սահակյանը: