«Ես չեմ կարող ասել՝ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գիտենք, որ այդպես չէ, իսկ ոչ պաշտոնական՝ այդպես է». Շիկահողի նախկին վարչական ղեկավարը՝ Փայլասարի մասին
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի նախկին վարչական ղեկավար Նարե Ղազարյանի խոսքով՝ Փայլասարի վերաբերյալ հետևում են պաշտոնական լրահոսին։
ԱԱԾ-ն Փայլասարի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ սարի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և թշնամին վերահսկողություն չի սահմանել։
«Շիկահողը Փայլասարից շատ հեռու է, ու մենք հետևում ենք ԱԱԾ-ի հայտարարությանը։ Ես չեմ կարող ասել, թե այդ լուրերն ինչ հիմքերով են տարածվել, համապատասխան մարմինները թող պարզաբանումներ տան։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գիտենք, որ այդպես չէ, իսկ ոչ պաշտոնական՝ այդպես է»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Նարե Ղազարյանը։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու տեղադրած ոստիկանական կետին, Նարե Ղազարյանն ասաց, որ այդ ճանապարհով անցել է, ռուս սահմանապահներն են ուղեկցում, սակայն այդ ժամանակ չեն ուղեկցել, ուղղակի ճանապարհն անցել են։
«Մեզ մոտ նախկինի նման կան ադրբեջանական պոստեր, բայց դրանց դիմաց էլ կան ռուսական ու հայկական պոստեր։ Հայ ու ռուս սահմանապահները կանգնած են, հսկում են»,- շեշտեց նա։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։