Թիմում քննարկում է եղել․ Սանոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից Փաշինյանի դժգոհության մասին

Կիրակի՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության որոշ համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Գորիսում, պարտություն կրեց։

Լրագրողներն այսօր Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղեցին, թե արդյոք ընտրության արդյունքների շուրջ  քննարկում եղե՞լ է  Նիկոլ Փաշինյանի հետ. հաշվի առնելով ակտիվ շրջանառվող լուրերը, թե Փաշինյանը շատ դժգոհ է եղել ընտրության նման արդյունքներից․

«Իհարկե, թիմում տարբեր քննարկումներ ունեցել ենք և դեռ կունենանք, դրանք մեկանգամյա պրոցես չեն, ընտրություններ են տեղի ունեցել, որի արդյունքները պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կային, կամ կայի՞ն, թե՞ չկային։ Ընդհանուր առմամբ նորմալ ենք վերաբերվում, քաղաքական պրոցես է․․․»։

Գործող իշխանությունները հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս առիթը բաց չէին թողնում հատկապես շեշտելու, թե Սյունիքը կանգնած է իրենց թիկունքին, ուստի լրագրողները նախարարին հարցրեցին, թե ՏԻՄ ընտրություններն ի՞նչ ցույց տվեցին, ի՞նչ հետևություններ են արել, քաղաքացիներն այլևս չե՞ն վստահում իշխանություններին․

«Բավական հանգիստ և հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքացիների կատարած ընտրությանը, և նաև ունենք որոշակի քննարկումներ և դեռ կունենանք, որի արդյունքում որոշակի հետևություններ կանենք․․․ Իշխանական թիմն իր առջև խնդիր չի դրել 100 տոկոսով ամբողջ երկրում բոլոր ընտրություններում հաղթելու, հակառակը՝ իշխանական թիմը կարևոր քաղաքական պրոցես առաջ տարավ, մեր երկրի հիմնական համայնքներում համամասնական ընտրակարգ է, որով հնարավորություն է տրվում բոլոր քաղաքական ուժերին ներգրավվելու այդ պրոցեսում, և կարծում ենք նաև, որ համայնքների զարգացման տեսանկյունից կարևոր կլինի ավագանու կազմում տարբեր քաղաքական թիմերի ներգրավվածությունը, իրենց գաղափարներով, մտքերով, նույնիսկ քննադատությամբ, և հույս ունենք՝ այդ ամբողջը կնպաստի համայնքների զարգացմանը»։

Դիտարկմանը, որ ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել Կապանի՝ Փայլասարի ուղղությամբ և ամրաշինական աշխատանքներ են կատարում, և, որ դրա մասին նաև հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը, Գնել Սանոսյանն ասաց՝ ԱԱԾ-ն հստակ պարզաբանում տարածել է, և, որ ավելացնելու ոչինչ չկա»։

Ճշտող հարցին, թե՝ այսինքն Կապանից լավ չե՞ն տեսնում սարը, Սանոսյանն այսպես պատասխանեց․

«Ես չգիտեմ՝ ով է լավ տեսնում, ով լավ չի տեսնում, բայց կարծում եմ՝ ոմանք լավ կարդալու կարիք ունեն, կարող են կարդալ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս