
Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիներից առաջին տեղում իրանցիներն են

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ վիճակագրության՝ սեպտեմբերին Թուրքիայում վաճառվել է 147.148 բնակարան։ Ամենաշատը տներ գնվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Օտարերկրացիներին վաճառված տների թիվն աճել է 25.8 տոկոսով՝ հասնելով 6630-ի, ինչը կազմում է ընդհանուր վաճառված տների 4.5 տոկոսը։
Սպետեմբերին իրանցիները Թուրքիայի տարբեր նահանգներում գնել են 1323 տուն։ Իրանցիներից հետո 2-րդ տեղում են իրաքցիները, իսկ 3-րդում՝ ռուսները։ Ընդ որում՝ շատերը ստանում են նաև Թուրքիայի քաղաքացիություն, քանի որ այդ երկրում քաղաքացիություն կարող են ստանալ, երբ 250.000 դոլար արժողությամբ գույք են ձեռք բերում:
Մասնագետները նշում են, որ բնակարաններ գնող օտարերկացիների թվի աճը պայմանավորված է նաև լիրա-դոլար փոխարժեքով, քանի որ լիրայի արժեզրկումը նպաստում է այդ գործընթացին։