Բաժիններ՝

Վենդետա Դալար գյուղում. կադրեր տեղի ունեցած արտակարգ դեպքից

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դալար գյուղում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նույն գյուղի բնակիչ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանը կալանավորվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

Ի դեպ, այս միջադեպից հետո անհայտ անձինք հրկիզել են Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկը, որը պատկանում է 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։ 168.amը կադրեր է ներկայացնում դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս միջադեպից հետո ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն էին բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել էր Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել էր վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդակին։

Տեսանյութը տրամադրել է Գագիկ Շամշյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս