Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո անհայտ անձը կամ անձինք հրկիզել են սպանություն կատարողի տունը, աշխատանքից ազատվել է մարզի ոստիկանապետը. shamshyan.com

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։ Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, քանի որ գյուղացիները մի պահ արգելել են հրշեջներին, որպեսզի մոտենան հրդեհի վայրին։

Գյուղ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ ժողովրդին հայտնի «սև բերետներ»ը։ Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։ Սպանվածի մասին էլ գյուղացիները նշում են, որ նա գյուղի ամենահարգված ու սիրված երիտասարդներից է եղել. երբևէ վատ կողմեր չի ունեցել ու զայրույթ ու զարմանք են ապրել, թե ինչու է նա սպանվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել էր։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արտյոմ Ոսկանյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Թադևոսյանն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Այվազյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն էին բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել էր Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել էր վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդաին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս