Իտալիայում Telegram-ալիքները փակել են կեղծ COVID-հավաստագրեր վաճառելու պատճառով
Իտալիայում սիցիլիական Կատանիա նահանգի դատախազությունը ցուցում է տվել փակել Telegram մեսենջերի երկու ալիքները, որտեղ առաջարկվել է կեղծ COVID-հավաստագրեր գնել: Այդ մասին հաղորդել է SiciliaNews24 առցանց-հրատարակությունը:
Հետաքննչական գործողություններն անցկացրել է Իտալիայի փոստային ոստիկանությունը: Իրավապահները պարզել են, որ երկու ալիքները կեղծ green pass են առաջարկում 250 եվրո կրիպտոարժույթով: Արդյունքում Green Bypass 2.0 եւ Authentic Green Pass Sale անվանումը կրող ալիքները փակվել են:
Հետաքննչական մարմինները հայտնաբերել են երկու քաղաքացիների, որոնք անմիջական կապ ունեն երկու Telegram-ալիքների ստեղծման հետ: Հրատարակության տեղեկատվության համաձայն, նրանց տանն անցկացվել են խուզարկություններ, բռնագրավել են սմարթֆոններ եւ այլ էլեկտրոնային սարքեր:
Գործով հետաքննությունը շարունակվում է: COVID-հավաստագրերն Իտալիայում մտցվել են օգոստոսին: Հոկտեմբերի 15-ին ուժի մեջ է մտել կառավարության որոշումը green pass-ը պարտադիր ներկայացնելու մասին՝ արտադրության մեջ եւ գրասենյակներում աշխատավայր մուտք գործելու համար, ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ տնտեսության մասնավոր հատվածում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: