Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը. ԱՆ
Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը։
☑Պատճառը հետևյալն է? օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ:
Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից:
Լրումն՝ ներկայացնում ենք ամբողջական պարզաբանումը?
ՀՀ արդարադատության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, թե ինչու որոշակի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Աշխատանքային օրենսգրքում» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել։
Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։
Բացառություն են կազմում Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, վարչապետը, համայնքի ղեկավարն ու համայնքի ավագանու անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորը, անկախ պետական մարմնի անդամը, ինքնավար մարմնի անդամը, Վիճակագրության պետական խորհրդի անդամը, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորը, գլխավոր դատախազը։
ՀՀ արդարադատության նախարարությունից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ նշված բացառությունները նախատեսվել են որոշակի տրամաբանության ներքո՝ պայմանավորված օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով:
Այսպես, այդ պաշտոնները՝
ա. ընտրովի են, կամ
բ. նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում (օրինակ՝ Սահմանադրությամբ սահմանվում են նրանց պաշտոնավարման ժամկետը, նշանակման կամ ընտրության կարգը), կամ
գ. լիազորությունների դադարեցման հիմքերը նախատեսված են Սահմանադրությամբ, կամ
դ. ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը նրանց նշանակում կամ ազատում է պաշտոնից:
Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս ազատել աշխատանքից:
ՀՀ արդարադատության նախարարություն