Կառավարությունը կշարունակի ավելացնել պետական պարտքը. հաջորդ տարի այն կհամալրվի 520 մլրդ դրամով կամ ավելի քան 1 մլրդ դոլարով

Կառավարության կանխատեսումներով՝ այս տարվա վերջին մեր երկրի պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 509 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա վերջին կհասնի 5 տրիլիոն 29 մլրդ դրամի։ Եթե սա վերածենք դոլարի, ապա կստացվի, որ 2021թ. վերջին պետական պարտքը կկազմի 9,2 մլրդ դոլար, իսկ 2022թ. վերջին՝ 10 մլրդ 260 մլն դոլար։

Հաջորդ տարի, համաձայն 2022թ. պետական բյուջեի ուղերձի, կառավարությունը նախատեսում է պարտքը ավելացնել ևս 520 մլրդ դրամով կամ առնվազն 1 մլրդ դոլարով։

Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը 3,3 տրիլիոն դրամ էր, որը համարժեք էր 6,8 մլրդ դոլարի։ Հիմա սպասվում է, որ 2022թ. վերջին պարտքը կանցնի 5 տրիլիոն դրամից կամ կկազմի 10,2 մլրդ դոլար։

Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա կստացվի, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում Հայաստանի պետական պարտքը մինչև 2022թ. վերջ կավելանա 1,7 տրիլիոն դրամով, ինչը համարժեք կլինի 3,4 մլրդ դոլարի։

Սա այն գումարն է, որ պարտքի տեսքով 2018-2022թթ. ընթացքում Հայաստանի վրա թողնելու է Նիկոլ Փաշինյանը։ Այն Նիկոլ Փաշինյանը, որը մշտապես դեմ է եղել վարկերի ներգրավմանը և պետական պարտքի ավելացմանը։

Դեմ լինելով պարտքերի կուտակմանը՝ կարճ ժամանակահատվածում նա Հայաստանը մտցել է մեծ պարտքերի տակ։ Նախկին բոլոր իշխանությունները 27 տարվա ընթացքում կուտակել են 6,8 մլրդ դոլարի պարտք։ Միայն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մինչև 2022թ. վերջ այն ավելացնել ևս 3,4 միլիարդով։

Ներկայումս Հայաստանի պետական պարտքը շուրջ 8 մլրդ 953 մլն դոլար է։ Այս տարվա 8 ամսում պարտքն ավելացել է 985 մլն դոլարով։ Հաճախ չի լինում, որ պարտքը, նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով, այդքան մեծ թռիչք է արձանագրում։ Այս տարի պատկերն այդպիսին է։ Բայց դատելով սպասումներից՝ հաջորդ տարի էլ պարտքի աճը պակաս ակտիվ չի լինելու։

Անվանական արտահայտությամբ այն կշարունակի ավելանալ։ Չնայած ՀՆԱ հարաբերությամբ պարտքի ցուցանիշը, ըստ կառավարության կանխատեսումների, կնվազի։

Այս տարին ակնկալվում է փակել պարտք-ՀՆԱ 64,1 տոկոս հարաբերությամբ։ Հաջորդ տարի պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերությունը կլինի 63,9 տոկոս։ Կառավարությունը հույս ունի, որ տնտեսական աճը թույլ կտա խուսափել ՀՆԱ նկատմամբ պարտքի ցուցանիշի վատացումից։

Նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո, այս տարվա համար կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ 6,5 տոկոս աճ։ Հաջորդ տարվա համար էլ ակնկալիքը 7 տոկոս է։ Սա էլ, թերևս, պիտի բերի պարտքի ցուցանիշի որոշ բարելավման, որը կտրուկ վատացել էր անցած տարվա տնտեսական անկումից հետո։

2020թ. վերջին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասավ 67,4 տոկոսի, ինչը պատմականորեն ամենաբարձր և ամենավատ ցուցանիշն էր, որը երբևէ արձանագրվել էր։

Տնտեսական աճին զուգահեռ՝ կառավարությունը մտադիր է թուլացնել պարտքի բեռը։ Այլ հարց, թե որքանով հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի նախանշվող ցուցանիշները։ Նախկինում էլ նման խնդիր դրված էր, բայց ինչպես տեսանք՝ հակառակը եղավ։ Պարտքը շատ ավելի արագ աճեց, քան ՀՆԱ-ն, ինչի հետևանքով ունեցանք պարտքային բեռի կտրուկ մեծացում։

Կհաջողվի՞ այս անգամ խուսափել դրանից, թե՞ կրկին կհայտնվենք խորացող պարտքային թակարդի մեջ, ցույց կտա ժամանակը։ Առկա անկայունության ու տարածաշրջանային լարվածության միջավայրում՝ տնտեսության զարգացման հեռանկարները խիստ մշուշոտ են, տնտեսական աճի ռիսկերը՝ շատ բարձր։

Այնպես որ, դեռ վաղ է ասել, թե տնտեսական աճի և պարտքի ցուցանիշների բարելավման հետ կապված հույսերը որքանով իրականություն կդառնան։ Բայց, որ ՀՆԱ նկատմամբ պարտքի անհամաչափ աճը մեզ արդեն խնդիրների առաջ է կանգնեցրել, և պետք են հրատապ միջոցառումներ՝ իրավիճակը մեղմելու համար, միանշանակ է։

Խնդիրները հիմնականում կառավարության պարտավորությունների դաշտում են։

«ՀՀ կառավարության պարտքը շարունակում է գնահատվել կայուն և կառավարելի, սակայն բավականին շոշափելի են պարտքի բեռի ներկա մակարդակից բխող ռիսկերը: Մասնավորապես, չնայած՝ պարտքը, ըստ ԱՄՀ և ՀԲ մեթոդաբանության, գնահատվում է ցածր ռիսկային (բայց միևնույն ժամանակ՝ խիստ մոտ միջին ռիսկայնության սահմանագծին), սակայն տնտեսական աճի և փոխարժեքի շոկերի դեպքում պարտք/ՀՆԱ ցուցանիշը բարձր է մնում ՀՀ հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմից։ Բացի այդ, ՀՀ կառավարության պարտքի պորտֆելը շարունակում է մնալ խոցելի՝ պայմանավորված արտարժութային և ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի բարձր մասնաբաժիններով։ Պարտքի կայունության ապահովման համար հրամայական է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի իրականացումը և պարտքի բեռի նվազեցումը պարտք/ՀՆԱ սահմանային 60 տոկոսի շեմից»,- պետական բյուջեի ուղերձում խոստովանել է կառավարությունը։

Չնայած առկա ռիսկերին, հաջորդ տարի էլ հույս չկա, որ կհաջողվի հաղթահարել այս իրավիճակը։

Կանխատեսվում է, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կկազմի 4,779 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60,7 տոկոսը և այս տարվա համեմատ ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ընդամենը 0,1 տոկոսային կետով:

Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է պարտքային պարտավորություններն ավելացնել ևս 505 մլրդ դրամով. ներքին պարտքը կավելանա 260 միլիարդ, արտաքին պարտքը՝ 245 մլրդ դրամով։ Այս ցուցանիշներից ակնհայտ է, որ նախապատվությունը կրկին տրվելու է ներքին պարտքին, ինչի հետևանքով այն գնալով մեծացնում է մասնաբաժինը կառավարության պարտավորությունների կառուցվածքում։

Կանխատեսվում է, որ արդեն հաջորդ տարվա վերջին ներքին պարտքը կհասնի 1 տրիլիոն 469 մլրդ դրամի։ Այն ընդհուպ կմոտենա 3 մլրդ դոլարի։

Նշենք, որ 2020թ. վերջին ներքին պարտքը 2 մլրդ դոլարի սահմաններում էր։ Հաջորդող 2 տարվա ընթացքում այն կավելանա ևս 1 միլիարդով։

Արտաքին պարտքի համալրումը տեղի կունենա հիմնականում վարկերի և փոխառությունների հաշվին։

Ահա այսպիսին են պետական պարտքի հետ կապված հաջորդ տարվա սպասումները։ Դրանք վկայում են, որ կառավարությունը շարունակելու է մեծ քանակությամբ վարկեր և փոխառություններ ներգրավել՝ ավելացնելով ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս