ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը պատերազմից մեկ ամիս առաջ էր նշանակվել. նա ժամանակին «խիստ նկատողություն» է ստացել

168.am-ը դեռ մայիս ամսից ուսումնասիրում է ՀՀ ԶՈՒ-երում և Արցախի ՊԲ-ում  կադրային այն փոփոխությունները, որոնք արվել են պատերազմից կարճ ժամանակ անց, և որոնք, ըստ էության, իրենց ազդեցությունն են ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքի և ելքի վրա:

Մասնավորապես, ՊԲ հրամանատարների փոփոխություններ եղել են մի քանի պաշտպանական շրջաններում (ՊՇ) (օրինակ՝ 1-ին, 2-րդ, 6-րդ), զորամասերում՝ Ցոր, Հադրութ և այլն:

Ընդ որում, որոշ զորամասերի հրամանատարներ փոխվել են մի քանի անգամ:

«Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը` Ջիվան Միքայելյանը, վերը նշվածը հաստատող ևս մեկ փաստ է ներկայացրել՝ կապված Ցորի զորամասի հետ:

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնից անհետ կորած և զոհված զինծառայողներ կան, պարզվել է, որ Արցախի ՊԲ N զորամասի մայոր, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը անգործություն է դրսևորել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նրան  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այլ հարց և թեմա է՝ արդյո՞ք միայն Գևորգյանն է մեղավոր զինծառայողների հետ պատահածում, սակայն, ինչպես «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ասել է անհետ կորած զինծառայողի հայրը, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը պատերազմից մոտ մեկ ամիս առաջ էր նշանակվել:

«Ես Գևորգ Գևորգյանի մասնագիտական կարողությունները չեմ կարող բան անել, բայց մարդկային տեսակետից միշտ բողոքներ են եղել՝ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ մինչև դա: Գևորգ Գևորգյանը բանակից ազատվել է «Շմայսի գործով»»,- պատմել է Ջիվան Միքայելյանը՝ հավելելով, որ ընտանեկան և անձնական որոշակի հանգամանքներից՝ ելնելով Գևորգյանին վերադարձրել են ՊԲ:

Ըստ Միքայելյանի՝ Գևորգյանը որոշակի կապեր է ունեցել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ auroranews.am-ը 2020-ի փետրվարի 3-ին «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. ուշագրավ մանրամասներ» վերնագրով հոդված էր հրապարակել նույն թվականի  հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների ու տվյալ զորամասի մասին։

ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում հրազենային վնասվածքից։

Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Այնուհետ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել էին  նրա երեք համածառայակիցները՝ Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը և Դավիթ Մովսիսյանը՝  զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով:

Այս դեպքից հետո ՊԲ մի շարք սպաներ ենթարկվեցին կարգապահական տույժերի:

«Խիստ նկատողություն» էր հայտարարվել  ռեակտիվ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ  Գևորգյանին:

Տեսանյութեր

Լրահոս