«Այդ ամենը բացասական ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջության վրա». Մեխակ Ապրեսյանը՝ իշխանությունների նոր մտադրության մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողներին զգուշացրեց, որ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր գնալ, այդ թվում՝ ԱԺ շենք մուտք գործել։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ երեկ հայտարարել է, որ շատ երկրներում, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ, որն այս պահին քննարկման փուլում է, այն է՝ առանց կանաչ անձնագրի՝ Եվրամիության անդամ որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել, նման սահմանափակող միջոցառում կա նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում։
«Այնպես որ, այս պահի դրությամբ քննարկվում է նաև այդ սահմանափակող միջոցառումները սահմանելու հարցը, երբ հստակ որոշում լինի, կտեղեկացնենք»,- ասել էր ԱՆ ներկայացուցիչը։
Ի դեպ, մեկ շաբաթ է արդեն, իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց զրույցներում ասում են, որ շուտով ներկայացնելու են նախագիծ, ըստ որի՝ մարդիկ առանց պատվաստման թերթիկի կամ թեստի բացասական արդյունքով տեղեկանքի չեն կարողանա մուտք գործել սրճարաններ, ռեստորաններ, համերգասարահներ և այլ հաստատություններ։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նկատեց՝ այս կամ այն վայր առանց թեստավորման ու պատվաստման թերթիկի մուտք գործելու սահմանափակումների մասին խոսել է նաև Առողջապահության նախարարը՝ նշելով, որ նման բան քննարկվում է, չնայած դեռ նախագիծ չկա։
«Առաջին հայացքից այդ ամենն ինձ անհանգստացրեց, կարծում եմ՝ եթե դա չի լինելու այն խիստ անհրաժեշտ միջոցը, որով ապահովելու են այդ անվտանգությունը, կառաջարկեին զերծ մնային այդ միջոցից։ Տեսեք, մենք խոսում ենք միջազգային փորձից, նաև շատ եվրոպական երկրներում եղած փորձից, որ իսկապես հանրային սննդի օբյեկտներ, հանրային վայրեր այցելությունների համար նույնպես թեստ են ուզում։ Բայց հենց նույն այդ եվրոպացիները, որոնք այցելում էին Հայաստան, ասում էին, որ ուրախ են, քանի որ Հայաստանում նման բան չկա, և կարողանում էին տարբեր վայրեր այցելել ու իրենց ազատ էին զգում։ Այս ամենը լրացուցիչ գրավչություն է Հայաստանի համար, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ բոլոր երկրները հետկորոնավիրուսյան և նոր վերաձևավորվող շուկայում ուզում են իրենց տեղն ունենալ, ավելի գրավիչ լինել և այդ շուկայից զբոսաշրջիկներին գրավել դեպի իրենց երկրներ։ Այդ ամենը բացասական ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջության վրա»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։
Ըստ նրա, Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ կարող է լինել, եթե հրաժարվի այդ խիստ միջոցը կիրառելուց, միաժամանակ այլ մեթոդներով ապահովել կորոնավիրուսային անվտանգությունը։ Եթե Հայաստանը կարողանա այդ ամենն ապահովել, ապա Հայաստանը զբոսաշրջիկների համար կունենա լրացուցիչ գրավչություն։
«Ես առաջարկում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատենք, այլ ոչ թե կիրառենք այն մեթոդը, որն առաջարկում են»,- հավելեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ, եթե ամեն ինչ թողնեն կամավորության սկզբունքի վրա և ակտիվ քարոզչություն իրականացնեն, ապա արդյունքն ավելի արդյունավետ կլինի։