Բաժիններ՝

ԱՆ աշխատակիցը չի բացառում, որ 14 օրը մեկ թեստ հանձնելու ժամանակահատվածը կկրճատվի

Վերջին օրերին ակտիվ քննարկումներ են գնում, որ հնարավոր է 14 օրը մեկ թեստ հանձնելու պահանջը փոփոխվի և աշխատող քաղաքացիները ստիպված լինեն ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ թեստ հանձնել։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս պահին նախարարությունում նման քննարկումներ չկան, սակայն չբացառեց նոր սահմանափակումների մասին քննարկումների կազմակերպումը․

«Չի բացառվում, որ նաև այլ սահմանափակումներ, այդ թվում՝ նաև թեստի պահանջի ժամանակահատվածը ևս քննարկվի։ Քանի որ կարգավորումը նոր է ուժի մեջ մտնում՝ վաղվանից, իրավիճակից ելնելով՝ արդեն կնախաձեռնենք քննարկումներ իրականացնել․ այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա»։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ պահանջների խստացման առումով դեռևս ուսումնասիրում են միջազգային փորձը․

«Պետք է նշեմ, որ շատ երկրներում, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ, որն այս պահին քննարկման փուլում է, այն է, որ առանց կանաչ անձնագրի՝ Եվրամիության անդամ որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել, նման սահմանափակող միջոցառում կա նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, այնպես որ՝ այս պահի դրությամբ քննարկվում է նաև այդ սահմանափակող միջոցառումները սահմանելու հարցը, երբ հստակ որոշում լինի, կտեղեկացնենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս