S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Ամերիաբանկին տրված այս վարկանիշը ևս մեկ անգամ վկայում է Բանկի կայունության, ճանաչելիության, գործընկերների և հաճախորդների շրջանում ունեցած վստահության և պրոֆեսիոնալ կորպորատիվ կառավարման մասին:
Ամերիաբանկի վարկանիշի վերանայմանը նախորդել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերանայումը. S&P գործակալությունը Հայաստանին շնորհել է «B+» երկարաժամկետ սուվերեն վարկանիշը` դրական հեռանկարով: Սա վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությանը շնորհած առաջին սուվերեն վարկանիշն է:
Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) «bb-» ցուցանիշը մեկ քայլով բարձր է երկարաժամկետ «B+» վարկանիշից, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկունակությամբ:
Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը «կայունից» «դրականի» պայմանավորված է 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության զգալի կայունացմամբ: S&P-ն բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի տեմպի կանխատեսումը. 2021թ. համար կանխատեսվող աճը կազմում է 6.3%, իսկ 2022-2023թթ.` միջինում 4.3%: S&P-ի կարծիքով, Հայաստանում մակրոտնտեսական և հարկաբյուջետային միջավայրի կայունացումը պետք է նվազեցնի Հայաստանի բանկային համակարգում առկա ռիսկերը և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի Ամերիաբանկի գործունեության և ֆինանսական դիրքի համար` նպաստելով նոր բիզնես ուղղությունների ընդլայնմանը և ակտիվների որակի բարելավմանը:
S&P վարկանիշային գործակալության գնահատականի համաձայն, Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` մակրոտնտեսական աճի հեռանկարների, տեղական շուկայում բանկի ճանաչելիության, պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմի, թվայնացման համապարփակ ռազմավարության և պատշաճ կորպորատիվ կառավարման շնորհիվ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: