Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրենի ընտրության 1-ին փուլում հաղթեց Անդրանիկ Գրիգորյանը
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրության 1-ին փուլը, ծնողական խորհուրդը՝ փակ քվեարկությամբ, տնօրեն ընտրեց: Նախքան քվեարկությունը, ինչպես սահմանված է կառավարության հաստատած կարգով, տնօրենի 3 թեկնածուները հանդես եկան ելույթներով, ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միջոցառումների պլանը:
Տնօրենի թեկնածուներից երկուսն աշխատում են նույն դպրոցում՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ կենսաբանություն առարկայի ուսուցիչ: Երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչներից է:
Նշենք, որ Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում 13 դասարան է գործում և յուրաքանչյուր դասարանից 1 ծնող է ընդգրկված դպրոցի ծնողական խորհրդում: Տնօրենի թեկնածուներին լսելուց հետո յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահը, մասնակցեց փակ քվեարկությանը: Ծնողական խորհրդի 13 ձայնը բաշխվել է հետևյալ կերպ՝ Անդրանիկ Գրիգորյան՝ 8 ձայն, Սուսաննա Վանեսյան՝ 4 ձայն, Կիմա Պապայան՝ 0 ձայն: Մեկ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, քանի որ համապատասխան նշումն այլ վանդակում էր դրված՝ ոչ թեկնածուների անունների դիմաց:
Տնօրենի 3 թեկնածուները վաղն արդեն դպրոցի ուսուցչական կազմին կներկայացնեն դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միոցառումների պլանը, որից հետո կրկին տեղի կունենա փակ քվեարկություն: Իսկ հոկտեմբերի 12-ին տեղի կունենա տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը, որը, ի դեպ, բաց է լինելու: Այդ օրը քվեարկելու են նախարարության 5 ներկայացուցիչները։ Այդ 5 ձայնին գումարվելու է դպրոցի ծնողական խորհրդի և ուսուցչական կազմի քվեարկության միավորները։
Տնօրեն ընտրվելու համար, թեկնածուն պետք է քվեարկությամբ 6 ձայն հավաքի, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 6 ձայն, ապա նույն օրը լինում է կրկնակի քվեարկություն։ Եթե այդ դեպքում էլ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքում բավարար քանակով ձայն, ապա ընտրությունը հետաձգվում է։ Այսինքն, ինչպես նախատեսված է կառավարության որոշմամբ՝ կհայտարարվի նոր մրցույթ:
Ի դեպ, Բյուրեղավանի դպրոցն առաջիններից է, որ փորձարկելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում կատարված փոփոխությունները:
Նախկին կարգում առկա էին տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում էին` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:
Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը, որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում