Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրենի ընտրության 2-րդ փուլում հաղթեց Սուսաննա Վանեսյանը

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ  ուսուցչական խորհրդի փակ քվեարկությունը: Սա դպրոցի տնօրենի ընտրության 2-րդ փուլն էր: Հոկտեմբերի 12-ին տեղի կունենա տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը, որը, ի դեպ, բաց է լինելու:

Իսկ այսօր, նախքան քվեարկությունը, ինչպես սահմանված է կառավարության հաստատած կարգով, տնօրենի 3 թեկնածուները հանդես եկան ելույթներով, ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միջոցառումների պլանը: Տնօրենի թեկնածուներից երկուսն աշխատում են նույն դպրոցում՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ կենսաբանություն առարկայի ուսուցիչ: Երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչներից է:

Գաղտնի քվեարկությանը մասնակցեց դպրրոցի 24 ուսուցիչներից 23-ը, նրանցից մեկն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի հաճախում։ Քվեարկեցին նաև նույն դպրոցի ուսուցիչներ, տնօրենի 2 թեկնածուներ՝ Անդրանիկ Գրիգորյանը և Սուսաննա Վանեսյանը։ Ուսուցչական խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Անդրանիկ Գրիգորյանը ստացավ 9 ձայն, Սուսաննա Վանեսյանը՝ 12 , Կիմա Պապայանը՝ 0 ձայն: Երկու քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, այս անգամ էլ համապատասխան նշումն այլ վանդակում և ոչ թե՝ թեկնածուների անվան դիմաց էր արված:

Հիշեցնենք, որ տնօրենի 3 թեկնածուները դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միոցառումների պլանը երեկ ներկայացրել էին դպրոցի ծնողական խորհրդին, որից հետո տեղի էր ունեցել փակ քվեարկություն,  ծնողների ձայներն էլ  բաշխվել էին հետևյալ կերպ՝ Անդրանիկ Գրիգորյանը ստացել էր 8 ձայն, Սուսաննա Վանեսյանը՝ 4, Կիմա Պապայանը՝ 0 ձայն: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

Իսկ հոկտեմբերի 12-ին տնօրենի ընտրության երրորդ փուլում քվեարկելու են նախարարության 5 ներկայացուցիչներ։ Այդ 5 ձայնին գումարվելու է դպրոցի ծնողական խորհրդի և ուսուցչական կազմի քվեարկության միավորները՝ յուրաքանչյուրից՝ երկուական միավոր։ Պարզաբանենք՝ առաջին փուլից հետո Անդրանիկ Գրիգորյանն արդեն ստացել է 2 միավոր, երկրորդ փուլից հետո Սուսաննա Վանեսյանն է ստացել 2 միավոր: Երրորդ փուլից հետո թեկնածուների ստացած միավորներին կգումարվի նախարարության ներկայացուցիչների տված միավորները:  Հաստատված կարգի համաձայն՝ տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ընդհանուր առմամբ 6 ձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 6 ձայն, ապա նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն։

Եթե այդ դեպքում էլ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքում բավարար քանակով միավոր, ապա, ինչպես նախատեսված է կառավարության որոշմամբ՝ պետք է հայտարարվի նոր մրցույթ:

Ի դեպ, Բյուրեղավանի դպրոցն առաջիններից է, որ փորձարկելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում կատարված փոփոխությունները: Նախկին կարգում առկա էին տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում էին` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում:

Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ  փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս: Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը, որտեղ սահմանվել էին ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս