Բաժիններ՝

Եթե ուղևորները դիմակ չեն կրում,  Ոստիկանության ծառայության կողմից նրանք տուգանվում են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ  ոստիկանության,  ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում  է դիտարկել հասարակական տրանսպորտում  Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը:

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից  168.am-ին  փոխանցեցին, որ դիտարկումն իրականացնում են համատեղ,  վարորդների  կողմից  թույլ տված խախտումների վերաբերյալ  արձանագրությունը  կազմում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և իրականացնում  հետագա վարչական վարույթ, իսկ հանրային տրանսպորտում ողևորների կողմից դիմակ չկրելու դեպքում տուգանք կիրառում է  ՀՀ  Ոստիկանության ծառայությունը։

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հանրային  տրանսպորտում դիտարկում և  ստուգում  են ախտահանիչ հեղուկի առկայությունը, Covid-19-ի վերաբերյալ համապատասխան թերթիկների առկայությունը,  որոնք պարտադիր պետք է փակցված լինեն տրանսպորտային միջոցում, ինչպես նաև ուղևորների  և վարորդների դիմակների կրումը:

«Օգոստոսի 16-ից սկսած և վերջին օրերին առավել խստացվել հսկողությունը  հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ։ Փակ տարածքում, եթե օրինակ, ուղևորը դիմակ չի կրում, ապա Ոստիկանության կողմից նրա նկատմամբ կազմվում է վարչական  արձանագրություն և կիրառվում  է տուգանք։

Դիտարկման արդյունքում  առավել հաճախ և ամենաշատն արձանագրված խախտումները հիմնականում վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու դեպքերն են, որոնց հիմքով  կազմվում է վարչական արձանագրությունների գերակշիռ մասը։

Այս ընթացքում Տեսչական մարմինների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցում  կամ բացակայել է ախտահանիչ  հեղուկը, կամ առկա է եղել ախտահանիչ հեղուկը, բայց այն եղել է ոչ պատշաճ  որակի, որոնց դեպքում ևս կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Օրինակ մեծ տրանսպորտային միջոցներում երկու տեղ պետք է ամրացված լինի ախտահանիչ  հեղուկը,  որոշ դեպքերում  հանդիպում  ենք իրավիճակներ,  երբ  այն  մի  տեղ  է  լինում ամրացված: Սա խախտման  այն տեսակն  է, որ հաճախ ցուցում ենք տալիսկամ տեղում շտկեն կամ մինչև կանգառի վերջնակետ հասնելն  ուղղեն»,- պարզաբանեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հայտնում են,  որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել  է ընդհանուր  1639 ստուգայց,  որոնց արդյունքում արձանագրվել  է  255 խախտում, այդթվում՝

Երևանի տարածքային կենտրոն՝  863 ստուգայց, 72 խախտում,

Հարավային տարածքային կենտրոն՝  113 ստուգայց, 11 խախտում,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 160 ստուգաց, 51 խախտում,

Արևմտյան տարածքային կենտրոն՝ 145 ստուգայց, 12 խախտում,

Արևելյան տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 109 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս