Մոսկվայի շահերից է բխում, որ ՄԽ-ն վերադառնա իր մանդատի իրականացմանը, քանի որ արդեն մի կողմից՝ կա վրացական պլատֆորմը, մյուս կողմից՝ թուրքական պլատֆորմը՝ 3+3-ը. Վրացագետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը`  մասնավորապես հայտնելով. «Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը` ակտիվ խաղաղարարության և տարածաշրջանում զարգացման ավելի մեծ հնարավորություններ իրականացնելու համար»:

Ի դեպ, ռուսական փորձագիտական որոշ շրջանակներ Վրաստանի վարչապետի այս միջնորդական առաքելությունը որակում են՝ որպես հակախաղ Մոսկվայում վերահաստատված «3+3» աշխարհաքաղաքական նախագծի դեմ:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ վրացական նախաձեռնության հետևում կա նաև Արևմուտքի աջակցությունը՝ հակառակ այն հանգամանքի, որ վրացական կողմից պնդում են, որ ֆորմատը փակ չէ և միտված չէ գործող որևէ ֆորմատի փոխարինելու:

«Բայց մենք պետք է հասկանանք, որ կա Մինսկի ֆորմատը, որի կողմնակիցը շարունակում է մնալ Երևանը, և որը պետք է զբաղվի Արցախի կարգավիճակով, կոնֆլիկտի լուծման հարցերով: Բոլոր կողմերը որպես մեսիջ պետք է ընկալեն և առաջին հերթին Մոսկվայում տեսնեն, որ պետք է ակտիվացնել ջանքերը հենց Մինսկի խմբի շրջանակներում՝ զուգահեռ ունենալով այլ ֆորմատ, որն այսօր կա փոխվարչապետների մակարդակով և նաև՝ Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու եռակողմ դիվանագիտութան շրջանակներում:

Իմ կարծիքով՝ հենց Մոսկվայի շահերից է բխում, որ ՄԽ-ն ակտիվորեն մասնակցի բոլոր այս պրոցեսներին, ակտիվորեն վերադառնա իր մանդատի իրականացմանը, քանի որ արդեն տեսնում ենք՝ մի կողմից՝ կա վրացական պլատֆորմը, մյուս կողմից՝ թուրքական պլատֆորմը՝ 3+3-ը, որը պարզ պատճառներով հարմար չէ թե՛ Երևանին, թե՛ Թբլիսիին, քանի որ սահմանափակ է տարածաշրջանային խաղացողներով (Արևմուտքն այնտեղ չկա, ինչը, ըստ իս, իրենց համար անընդունելի է, և գուցե հենց դա է դրդել, որ Վրաստանն իր նախաձեռնությամբ հանդես գա)»,- հավելեց վրացագետը:

Հարցին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վրաստանի վարչապետի այցը ՀՀ վարչապետի՝ ՌԴ այցից առաջ է եղել, կարո՞ղ ենք ենթադրել, որ Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի միջոցով ՌԴ նախագահին փորձում է ինչ-որ առաջարկ փոխանցել, ինչի մասին ակնարկում են փորձագիտական շրջանակները, նա պատասխանեց. «Այս այցի մասին խոսվել է դեռևս Բաքու այցից առաջ. երբ Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարեց այս գաղափարի մասին, նաև նշեց, որ տարածաշրջանային այցերով կմեկնի Երևան և Բաքու, որտեղ իր գործընկերներին վրացական միջնորդության առաջարկը կներկայացնի: Եվ քանի որ հունիսին արդեն Վրաստանը հումանիտար հարցերում իր որոշակի դերակատարումն ունեցել էր, այդ ամենը հիմք էր հանդիսանում, որ վրացական կողմը ասի՝ կան հարցեր, որոնց շուրջ ես կարող եմ աջակից լինել:

Ես որևէ կերպ այս այցը չէի կապի Մոսկվա այցի հետ: Պարզ է, որ Մոսկվա այցն ավելի վաղ էր պլանավորվել, բայց զուգահեռ պրոցեսներ են: Սակայն, մյուս կողմից՝ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև գոնե լինեն կանխատեսելի հարաբերություններ, ինչը բխում է մեր ազգային շահերից, և եթե Երևանը հնարավորություն ունենա ինչ-որ ձևով աջակցել՝ ինչո՞ւ ոչ, բայց չեմ կարծում, թե որևէ ձևով այս երկու այցերը կարելի է կապել միմյանց հետ»:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան և հայտարարել Հայաստան այցելելու պլանների մասին։ Նա հույս էր հայտնել՝ դրական դերակատարում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Տեսանյութեր

Լրահոս