«Անվանական հանդիպումների, քննարկումների վերաբերյալ տեղեկություններ փոխանցվել չեն կարող». ՄԻՊ գրասենյակ

Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ նախօրեին Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվել սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն է, որն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ԵԽԽՎ հատուկ զեկուցողին ներկայացվել էր փաստերի հիմնավորումով:

Այս առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում իր տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի:

«Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ»,- ասել էր նա:

168.am-ը ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին հարցեր էր ուղղել՝ ցանկանալով պարզել՝ ի՞նչ աշխատանքներ են տարվել միջազգային գործընկերների հետ, ի՞նչ զեկույցներ են փոխանցվել, եղե՞լ են արդյոք հանդիպումներ այս հայեցակարգի գաղափարի տարածման շրջանակներում: ՄԻՊ գրասենյակից մեզ պատասխանել էին, որ ԵԽԽՎ բանաձևում ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի ներառումը մեկ տարի տևած հետևողական աշխատանքի արդյունք է:

«Եվ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում, հետևանքն է այն բանի, որ բարձրաստիճան տարաբնույթ հանդիպումների ժամանակ Արման Թաթոյանը մանրամասն ներկայացնում է հայեցակարգի համար հիմք հանդիսացած փաստերը»,- պատասխանել էին ՄԻՊ գրասենյակից:

Նշել էին նաև, որ այդ առաջարկը ներկայացվել էր նաև ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով:

«Հաշվի առնելով աշխատանքի առանձահատկությունները՝ անվանական հանդիպումների, քննարկումների վերաբերյալ տեղեկություններ փոխանցվել չեն կարող»,- նշել էին Պաշտպանի գրասենյակից՝ ի պատասխան մեր հարցման:

Հավելել էին նաև, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն առաջիկայում կհրապարակվի և մանրամասն կներկայացվի պետական մարմիններին ու միջազգային գործընկերներին: Ամիսներ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անվտանգության գոտի ստեղծելու կոչին արձագանքել են աշխարհի տարբեր կողմերից:

Հարցին՝ ՄԻՊ-ն ամիսներ առաջ դիմել էր պետական մարմիններին աջակցելու խնդրանքով, ի՞նչ են արել այդ մարմինները, ՄԻՊ գրասենյակից չէին պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս