Գյումրիում իշխող ուժի թեկնածուն արդեն պաշտոննե՞ր է բաժանում քաղաքապետարանում

Հոկտեմբերի 17-ի՝ Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանությունները գործի են դրել ողջ վարչական զինանոցը. Ինչ գնով ուզում է՝ լինի, Շիրակի մարզպետ Հովհաննես Հովհաննիսյանը, ով այս ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը, պետք է դառնա Գյումրիի քաղաքապետ:

168.am-ի տեղեկություններով՝ բանը հասել է այնտեղ, որ դեռ ընտրությունները չեղած՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդեն պաշտոններ է բաժանում Գյումրիի քաղաքապետարանում: Նախորդ շաբաթ արդեն քաղաքում այդ առնչությամբ ակտիվորեն խոսակցություններ էին տարածվում:

Գյումրիի մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն մոտ 80 հոգու պաշտոններ են խոստացված, և այդ մարդիկ քաղաքում բացահայտ խոսում են այդ մասին:

Մեզ փոխանցեցին, որ առաջին մարդը, ով Գյումրիի քաղաքապետարանում պետք է պաշտոն ստանա, և այն էլ փոխքաղաքապետի, Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը, ով, ինչպես գյումրեցիներն են ասում, կառավարչական որևէ փորձ ու հմտություն չունի, և նրա միակ «արժանիքն» այն է, որ իշխող ուժի պատգամավորուհու եղբայրն է:

Գյումրեցիները պատմում են, որ պաշտոնների մեծ մասը թեպետ խոստացվել է գործող մարզպետի բժիշկ ընկերներին, այնուամենայնիվ, այլ մարդիկ էլ վերջինիս՝ քաղաքապետ դառնալու դեպքում լուրջ պաշտոններ կստանան քաղաքապետարանում, ինչպես և նախօրոք խոստացվել է:

Փոխքաղաքապետի երկրորդ պաշտոնը Հովհաննես Հարությունյանը նախատեսել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն Աստղիկ Բեյբությանին, սակայն մասնագիտությամբ ատամնաբույժ նախկին տնօրենն այնքան էլ չի ցանկանում փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնել: Մեզ ասացին՝ վերջինս գերադասում է առողջապահական այլ հիմնարկում տնօրեն նշանակվել, բայց եթե չստացվի, փոխքաղաքապետի պաշտոնը կա ու կա:

Մի ուշագրավ հանգամանքի մասին ևս մեզ պատմեցին գյումրեցիները: Քաղաքապետարանի մոտ գտնվող խանութներից մեկի տերը՝ Ռուբեն անունով մի անձ, իր ողջ շրջապատին հայտարարել է, որ Հովհաննես Հովհաննիսյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո ինքը դառնալու է Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի, եկամուտների և հավաքագրման բաժնի պետ, և դա միանշանակ է. ինքն է ղեկավարելու այդ բաժինը և վերջ:

Բացի նրանից, ըստ մեր աղբյուրների՝ ևս մեկն է հայտարարել, որ պաշտոն է զբաղեցնելու Գյումրու քաղաքապետարանում: Գյումրիի երաժշտական դպրոցներից մեկի վոկալի ուսուցչուհիներից Գայանե Ղուկասյան անունով անձնավորությունը պնդում է, որ ինքն էլ լինելու է քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը:

Ու հետաքրքիրն է այն է, որ այս մարդիկ կարծես թե չեն պատկերացնում, որ խոսքը գնում է համայնքային ու հանրային ծառայության պաշտոնների մասին, որոնց համար մրցույթներ են անցկացվում, ու նոր միայն պաշտոնի են նշանակվում:

Գյումրեցիները տարակուսում են՝ իսկ ի՞նչ է լինելու այն 80 ծառայողների հետ, որոնց զբաղեցրած պաշտոնները ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդեն քաղաքապետ դառնալու դեպքում խոստացել է իր մտերիմներին:

Տեսանյութեր

Լրահոս