
Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:
Արվեստասերներին կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները:
Ցուցադրության պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի «Կադանս» անսամբլի ելույթով:
Երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ցուցահանդեսի փակմանը կհաջորդեն
Ղ. Սարյանի անվան լարային քառյակի և Լիլիթ Զաքարյանի (դաշնամուր) ելույթները։
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցությամբ: