Ֆրանսիայում հաստատել են, որ պատվաստումը կտրուկ նվազեցնում է COVID-19-ից մահվան ռիսկը
COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան է արձանագրել պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսով վարակման դեպքում հոսպիտալացման եւ մահերի կանխման առումով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Epi-Phare բժշկական խմբի հետազոտությունը, որն աշխատել է Ֆրանսիայի կառավարության հետ:
Ուսումնասիրողներին հաջողվել է պարզել, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց 14 օր անց պատվաստվողներին 90 տոկոսով ավելի քիչ է սպառնում կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդանոցում հայտնվելու կամ մահանալու ռիսկը: Դրա հետ մեկտեղ զգալի պաշտպանական արդյունք է դիտվում նաեւ «դելտա» շտամով ախտահարվելու դեպքում՝ 75 եւ ավելի բարձր տարիքի անձանց համար 84 տոկոս, իսկ 50-75 տարեկան մարդկանց համար՝ 92 տոկոս: ԶԼՄ-ները ճշտում են, որ այդ հետազոտությունը, որն ուշադրություն է դարձնում COVID-19-ի ծանր ընթացքի կանխմանը, հաստատում էպատվաստման արդյունավետության մասին ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Իսրայելից ստացած տվյալները: Սակայն Ֆրանսիայում հետազոտողները հայտարարել են, որ իրենց աշխատանքն աննախադեպ է իր մասշտաբներով:
Ուսումնասիրողները վերլուծել են այն տվյալները, որոնք հավաքվել են 2020 թվականի դեկտեմբերից, երբ Ֆրանսիայում մեկնարկել էպատվաստումների արշավը: Մասնագետները համեմատել են 50-ից բարձր տարիքի 22-ական միլիոն մարդկանց՝ 11 միլիոն պատվաստվածների եւ 11 միլիոն չպատվաստվածների մասին տեղեկատվությունը: Փորձագետները «զույգեր» են կազմել նույն տարիքի, սեռի, բնակության վայրի պատվաստված եւ չպատվաստված մարդկանցից եւ նրանց կյանքին հետեւել պատրաստուկի երկրորդ չափաբաժինն ստանալու պահից: Հետազոտությունը վերաբերում է Pfizer/BioNtech-ի, Moderna-ի եւ AstraZeneca-ի պատվաստանյութերին:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, գիտական աշխատանքի արդյունքները նաեւ ստիպում են ենթադրել, որ հինգ ամսվա ընթացքում, այդ հետազոտության ժամանակագրական շրջանակների սահմաններում, COVID-19-ի ծանր ընթացքի դեմ՝ պատվաստանյութից ստացած պաշտպանությունը չի նվազել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: