Բաժիններ՝

Արցախի բնակավայրերի մերձակայքում ադրբեջանական հենակետերի առկայությունը սպառնալիք է խաղաղ բնակիչների համար․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Արցախում խաղաղ բնաչի զոհվելու դեպքին։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխատվության բացակայության արդյունք և հետևանք է։

«Այս ընթացքում բազմիցս հայտարարել և ընդգծել ենք միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը, համարելով, որ դա է իրական հնարավորությունն եւ արդյունավետ միջոցը միջադեպերի կրկնությունը կանխելու համար, քանի որ հստակ հասկանալի է, որ միջադեպերի առթիվ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերը կրում են ադրբեջանցիների հանցավոր արարքները արձանագրելու և դրանց քրեադատավարական գնահատական տալու բնույթ, սակայն դրանք չեն կարող բավարար արդյունք ապահովել, եթե «կյանքի իրավունքը» հարգելու պարտականություն ստանձնած Ադրբեջանը չհարգի այդ իրավունքը»,- ասված է Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ այսօր գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Նրա գնահատմամբ՝ նրանց անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս