«Արցախը փրկելու, արցախահայության ինքնությունը պահելու միակ ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է համաշխարհային հանրության կողմից». Վահրամ Բալայան

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախի համար շարունակում է օրակարգային մնալ Արցախի Հանրապետության կարգավիճակի ճանաչումը և արցախահայության ինքնորոշման իրավունքի հարգումը։

«Իհարկե, անկասկած դրա մեջ մտնում է նաև այն օկուպացված տարածքները, որը 44-օրյա  պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից զավթվեց։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից, թե այսօր ինչ վիճակում է Արցախը, թե՛ տարածքների կորստի, թե՛ այն ծանր կացության առումով, որ ստեղծվել է Արցախում, դա մնում է օրակարգային, որովհետև ընդհանուր առմամբ Արցախը փրկելու, արցախահայության ինքնությունը պահելու միակ ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է համաշխարհային հանրության կողմից»,- նշեց Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը, Վահրամ Բալայանը նկատեց՝ այս պահին որևէ ակնկալիք չունի, որովհետև Ադրբեջանը բավականին ագրեսիվ է տրամադրված։

«Այդ հանդիպումը կլինի պահանջատիրոջ կեցվածքով, ցավոք, վերջին շրջանում ՀՀ իշխանություններն այդպես էլ չարձագանքեցին Բաքվից եկած այն սպառնալիքներին, որոնք մշտապես կրկնվում են։ Այնպես որ՝ չեմ կարծում, թե էական հարցեր կլուծեն»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Խոսելով Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձի մահվան դեպքի մասին, Վահրամ Բալայանն ասաց, որ թշնամին ընդհանուր առմամբ ձգտելու է լարվածության մեջ պահել երկիրը։

«Բնականաբար, այս սադրանքները վերաբերում են ոչ միայն արցախյան կողմին, այլև ռուս խաղաղապահներին, որովհետև վերջ ի վերջո այդ առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա։ Այսինքն՝ սա նաև նրանց հեղինակության հարցն է, ի վերջո Ադրբեջանը գործ ունի մի երկրի հետ, որն ունի միջազգային բավականին բարձր վարկանիշ, և, բնականաբար, կարծում եմ՝ ՌԴ-ն հետամուտ կլինի այդ իմիջը պահելու»,- եզրափակեց  Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել։

Տեսանյութեր

Լրահոս