«Թշնամին Երասխում ամեն օր էլ կրակում է, մի քանի օր առաջ «Կամազ»-ի վրա էին կրակել, սետկա էին սարքել, բայց իշխանությունները թաքցնում են»․ Երասխի բնակիչ

Թշնամին այսօր կրկին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ 168.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմից 1 զինծառայող է վիրավորվել, նրան վիրահատել են։

Տեղի ունեցածի մասին տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, սակայն Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ոչ հաստատել, և ոչ էլ հերքել է:

168.am-ն էլ դիմել է Պաշտպանության նախարարություն, և մեզ հայտնեցին, որ այսօր Երասխում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։ Նյութն արդեն պատրաստ էր թողարկման, սակայն նախարարությունից հաղորդագրություն դեռ չէին տարածել:

Իսկ Երասխի համայնքապետ Վարդան Օղիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկության չի տիրապետում:  Գյուղացիներից մի տղամարդ էլ (անունն իր խնդրանքով չենք նշում) պատմեց, որ առավոտյան ժամը 10:30-11։00-ի սահմաններում ակտիվ կրակոցներ են հնչել։

«Կրակոցներն ամեն օր էլ կան, այդպիսի օր չկա, որ ադրբեջանցիները չկրակեն, այսօր իրիկունն էլ՝ մինչև գիշերվա 12-ը, կրակոց կար։ Իշխանությունները ոչ գալիս են, ոչ հարցնում են, ոչ ասում են, թաքցնում են, բայց, որ լրագրողները գալիս-նկարում են, սկսում են մի քանի օր խոսել, հետո էլի «մոռանում», ոչ էլ ասում են՝ կրակոց կա»,- ասաց մեր զրուցակիցը։

Երասխի բնակիչը նաև պատմեց, որ թշնամին բոլորովին վերջերս կրակ է բացել նաև մեր զինվորական մեքենայի վրա․

«Մի քանի օր առաջ գյուղում «Կամազ»-ի վրա էին կրակել, սետկա էին սարքել, էլի ոչ հաղորդում են, ոչ էլ դրա մասին խոսք գնաց․․․ Կամ, որ թշնամին Սյունիքում, Գեղարքունիքում եկել-նստել է, ո՞վ է արձագանքում, ո՞վ է մի բան անում, ի՞նչ են արել մինչև այսօր, նույնն էլ այստեղ է, ո՞վ է արձագանքում․․․ Որ ասես՝ մի բան անում են, մի քայլ առաջ են անում, բայց ոչ մի բան, գնալով ավելի է վատանում վիճակը»։

Հարցին՝ ինչո՞ւ Երասխի բնակիչները չեն հավաքվում և իրենց մտահոգությունները հայտնում Նիկոլ Փաշինյանին, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Այդպիսի մարդ չկա, համենայն դեպս այս պահին այդպիսի մեկին չենք տեսնում, որ կարողանա մի բան անել․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031