«Եվրոբոնդից» հետո Հայաստանում կթողարկվեն արտարժույթով նոր՝ սփյուռքի պարտատոմսեր
Հայաստանի Հանրապետությունը կթողարկի սփյուռքի պարտատոմսեր. Գործադիրը որոշումն ընդունել է սեպտեմբերի 30-ի նիստում, առանց հրապարակային քննարկման, ինչպես միշտ, օրակարգում չզեկուցվող մյուս հարցերի հետ միանգամից, մեկ քվարկությամբ։
Ըստ Կառավարության որոշման՝ սփյուռքի պարտատոմսերը պետության տեսանկյունից ավելի բարենպաստ պայմաններով թողարկվող պետական պարտատոմսեր են, որոնք թիրախավորում են հայրենիքում չբնակվող, սակայն մեր երկրի հետ ազգությամբ կամ մշակութային արժեքներով կապված անձանց։
Ընդունված որոշման նպատակը կապիտալի շուկայի զարգացման գործողությունների ծրագրում նոր միջոցառման ամրագրումն է, որով նախատեսվում է մասնավորապես սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում դրանց նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն և դրա հիման վրա՝ պարտատոմսերի տեղաբաշխումը։
Չնայած այն հանգամանքին, որ սփյուռքի պարտատոմսերի թողարկման նպատակահարմարության հարցը պարբերաբար բարձրացվել և բարձրացվում է տարբեր աշխատանքային քննարկումների ժամանակ, սակայն, ինչպես նշված է Կառավարության ընդունած որոշման նախագծում, նման պարտատոմսերի պոտենցիալ պահանջարկի առնչությամբ չեն կատարվել ուսումնասիրություններ կամ հետազոտություններ, որոնք կհիմնավորեին սփյուռքի պարտատոմսերի թողարկման իրատեսականությունը։
Հիմա ՀՀ կառավարությունը սկսել է կատարել հենց նման ուսումնասիրություններ ու ու կայացրել որոշում՝ սփյուռքի պարտատոմսեր թողարկել։
Ըստ նախագծի հիմնավորման՝ այն բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսությունում ներգրավելու դրույթից։
Ի դեպ, արտարժութային պարտատոմսերի թողարկումը մեր երկրում նորություն չէ:
Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն էր տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին և դրանից հետո Հայաստանում առաջին անգամ թողարկվեցին արտարժույթով պարտատոմսերը՝ եվրոբոնդերը։