Չինաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն «օգտակար է եղել». ՉԺՀ-ի ԱԳՆ
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչիի՝ հոկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած հանդիպումը եղել է կառուցողական, որը նպաստել է փոխըմբռնման աճին: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հաղորդել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը:
«Հանդիպումը կառուցողական եւ օգտակար է եղել փոխըմբռնման ամրապնդման համար»,-ասվում է ինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: Նրանում նշվել է, որ «կողմերը համակողմանիորեն եւ անկեղծ կարծիքներ են փոխանակել չին-ամերիկյան հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:
«Յան Ցզեչին հայտարարել է, որ այն հարցը, թե կկարողանան արդյոք Չինաստանն ու Միացյալ Նահանգները լավ կարգավորել իրենց փոխհարաբերությունները, կապված է երկու երկրների եւ նրանց ժողովուրդների արմատական շահերի, ինչպես նաեւ աշխարհի ապագայի եւ ճակատագրի հետ»,-ընդգծում է ՉԺՀ-ի ԱԳՆ:
Նրա խոսքով՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի բախումը լուրջ վնաս կհասցնի երկու երկրներին եւ ամբողջ աշխարհին:
Յան Ցզեչին ասել է, որ Չինաստանում ուշադրություն են դարձրել եւ մեծ նշանակություն են տալիս նախագահ Ջո Բայդենի վերջերս արած այն հայտարարություններին, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զսպել Չինաստանի զարգացումը եւ նոր «սառը պատերազմ» սկսել:
ՉԺՀ-ի ներկայացուցիչը նշել է, որ կողմերը «պետք է հարգեն միմյանց հիմնական շահերն ու հիմնական խնդիրները եւ շարժվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության ու փոխշահավետ համագործակցության ուղիով»:
Յան Ցզեչին Սալիվանին ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումն այն հարցերում, որոնք կապված են Տայվանի, Հոնկոնգի, Սինցզյանի, Տիբեթի, Հարավչինական ծովի եւ մարդու իրավունքների հետ, «պահանջել է», որպեսզի ԱՄՆ-ը հարգի Չինաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ դադարեցնի վերոհիշյալ խնդիրների օգտագործումը Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ, հաաղորդել է «Ինտերֆաքս»-ը: