ՀՀ ԱԳ փոխնախարարը և Եվրահանձնաժողովի պաշտոնյան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցային օրակարգի տարբեր հարցեր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։
«Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձավ «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունները 2020 թվականից հետո» խորագրով համատեղ աշխատանքային փաստաթղթին, Տնտեսական և ներդրումային ծրագրին, ինչպես նաև դրանցից բխող ուղենշային նախաձեռնություններին։ Այս համատեքստում հայկական կողմն կարևորեց Եվրոպական միության աջակցությունը, որը նախատեսվում է տրամադրել համաձայնեցրած նախաձեռնություններն իրագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերն, անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։