«Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա». Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել, և իր իսկ նշած օպերատիվ կապը, ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաև թուրքի կողմից ունեցած տեղեկություններն իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար։

Աննա Մկրտչյանը, ամենայն հավանականությամբ,  նախորդ անգամների փորձը նկատի ունենալով՝ ասաց, թե Փաշինյանից իր հարցին պատասխան չի ակնկալում, այնուամենայնիվ հնչեցրեց հարցը․

«Արդյոք այս անձնավորությունն ունի՞ գոնե մի կաթիլ հայրենասիրություն կամ պատասխանատվություն գոնե այն ժողովրդի նկատմամբ, ում 3 տարի իբր թե ինչ-որ մի կերպ կառավարում է, որ գոնե գնա, թողնելով ինչ-որ մեկին, ով չունի այդ շանտաժի մեջ մտած հարաբերությունները թուրքի հետ, ով չունի պայմանավորվածություններ թուրքի հետ, ու հնարավորություն տա մեզ փրկվելու ու փրկելու մեր հայրենիքը»։

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց հարցի համար, ապա պատասխանեց․

«Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա։ Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ այդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ։ Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել ինքը, որ պայմանավորվել է դավաճանության մասին, եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել։ Եվ ուրեմն կարծում եմ՝ մեր Ազգային անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տենան՝ այդ ի՞նչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես։ Օպերատիվ կապն այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է, ուզում եմ հիշեցնել․․․ Եվ զգույշ եղեք, եթե այդ համառությամբ հետևողական գնաք, կարող է պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից, կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից․․․»։

Աննա Մկրտչյանը Փաշինյանին հիշեցրեց, որ օպերատիվ կապի մասին առաջինը հնչեցրել է հենց ինքը՝ Փաշինյանը․

«Ասել եք, որ շփումները ոչ միայն սահմանափակվում են Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, այլ Դուք ունեք առանձին շփումներ մեր թշնամի պետության ղեկավարի հետ։ Ինչ վերաբերում է դավաճանությանն ու դավադրությանը, ես կարծում եմ՝ դրանից ավելի լավ, քան դուք, որևէ մեկը պատմել չի կարող։ Վստահ եմ՝ ժամանակը գալու է ձեր պատմելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս