Բաժիններ՝

«Նաիրի» կինոթատրոնը երեք շաբաթ է՝ չի աշխատում. իրականացվում են քննչական գործողություններ

Երեք շաբաթ է՝ «Նաիրի» կինոթատրոնը չի աշխատում: «Նաիրի» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջն օգոստոսի 26-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ առավոտյան սեփականատիրոջ՝ Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել են «Նաիրի» կինոթատրոնի մուտքի դռները, և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ապա նշվում է, որ Սմբատ Նասիբյանն ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը:  Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության, և հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից:

Իսկ սեպտեմբերի 11-ին նույն էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ կինոթատրոնի մուտքը փակվել է սեփականատիրոջ որոշմամբ: Պնդում են՝ սեփականատերը 75000 դոլարով սեփականաշնորհել է ազգային շենքը, ու հավելում՝ կոնֆլիկտը թեժացել է Նասիբյանի հետ նրանից հետո, երբ կինոթատրոնի հիմնական նախասրահը որոշել է վարձակալության տալ «Գլոբբինգ» ընկերությանը: Կինոթատրոնի մի դահլիճը «Արյան» ՍՊԸ-ին է տրված և պայմանագիրը կնքվել է 24.07.2019թ. և անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է 01.09.2022 թվականին:

«Նաիրի կինոթատրոն» ՍՊԸ փաստաբան Արսեն Մկրտչյանը չցանկացավ մեկնաբանել հայտարարությունը՝ նշելով, որ վարձակալը հանդիսանում է քրեական գործով մեղադրյալ, ով թաքնվում էր վարույթն իրականացնող մարմնից և միայն բերման ենթարկելուց հետո է հայտնվել տեսադաշտում:

«Քաղաքացիաիրավական հարաբերությունների կա հարուցված երկու քաղհայց,  որի պատասխանը չենք ստացել: Քրեական գործ ևս հարուցված է, կա մեղադրյալ, իրականացվում են քննչական գործողություններ»,- ասաց փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս